Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

ՀՏՀ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Ինչպե՞ս ընտրել կուտակային կենսաթոշակային ֆոնդ

Առցանց․


1. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Իմ հաշիվը համակարգի միջոցով, եթե ունեք նույնականացման քարտ (ID քարտ) և քարտը կարդացող սարք․ անհրաժեշտ է

  • բջջային հեռախոսի վրա բացված պատուհանում ընտրել «Հաստատել» հրահանգըմուտք գործել «Իմ հաշիվը» էջը,
  • նույնականացման քարտը կարդացող սարքը միացնել համակարգչին և սարքի մեջ տեղադրել նույնականացման քարտը,
  • մուտքագրել PIN ծածկագիրը, որը տրամադրվում է նույնականացման քարտի հետ,
  • «Իմ դիմումները» բաժնից ընտրել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը և լրացնել այն,
  • դիմումը լրացնելուց հետո սեղմել «պահպանել» կոճակը, այնուհետև՝ «ընդունել» կոճակը։


2. Եթե ունեք բջջային նույնականացման քարտ (mID)․ անհրաժեշտ է՝

  • մուտք գործել «Իմ հաշիվը» էջը,
  • սեղմել «Նույնականացում» կոճակը
  • ընտրել «Բջջային նույնականացման քարտ» տարբերակը
  • մուտքագրել հեռախոսահամարը
  • սեղմել «Մուտք» կոճակը
  • բջջային հեռախոսի վրա բացված պատուհանում ընտրել «Հաստատել» հրահանգը
  • բացված պատուհանում մուտքագրել PIN ծածկագիրը
  • կատարել անհրաժեշտ գործողությունները


3. CDA Online հավելվածի միջոցով (եթե առկա է արժեթղթերի հաշիվ)։


4. Converse Mobile համակարգի միջոցով։


5. AraratMobile համակարգի միջոցով:


6. Հաշվի օպերատորների միջոցով․ համապատասխան դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել նույնականացման քարտ կամ անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցքարտ) կամ այն չունենալու մասին տեղեկանք:


Հաշվի օպերատորներն են․

Հեռ. (+374 10) 51 45 14 Գլխամաս և մասնաճյուղեր

 Հեռ. (+374 10) 59 23 23 Գլխամաս և մասնաճյուղեր

 

    Հեռ․ (+374 10) 51 12 11 Գլխամաս և մասնաճյուղեր


           Հեռ. (+374 12) 22 22 22 Գլխամաս և մասնաճյուղեր


                 Հեռ․ (+374 10) 59 20 20 Գլխամաս և մասնաճյուղեր


                          

     

Հաշվի օպերատորը միջնորդ կազմակերպություն է մասնակիցների ռեեստրավարի՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, և կուտակային կենսաթոշակաին համակարգին միացած մասնակիցների միջև։


Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին փոխելը անվճար է տարեկան մեկ անգամ: Տարվա ընթացքում հետագա փոփոխությունների դեպքում գանձվում է մարման վճար (1%): Մանրամասները ներկայացված են ֆոնդի կանոններում:

Ի՞նչու է համակարգն ընտրում Ձեր կենսաթոշակային ֆոնդը

Կուտակային հատկացումներն առաջին անգամ ստանալուց հետո Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան համակարգին նոր միացած անձի համար բացում է կենսաթոշակային հաշիվ։ 30 օրվա ընթացքում մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարվում է ծրագրային մոդուլի միջոցով` սահմանված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը:


Այդուհանդերձ, ցանկացած ժամանակ մասնակիցը կարող է ընտրել իր կուտակային կենսաթոշակային ֆոնդը, ընդորում մասնակիցը կարող է կուտակել կենսաթոշակային տարբեր ֆոնդերում՝ նոր հատկացումներն ուղղելով վերջին ընտրած ֆոնդին:

Ինչպե՞ս է հաշվարկվելու կուտակային կենսաթոշակի ամսական չափը

Համաձայն կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի՝ կուտակային կենսաթոշակների ամսական չափը որոշվում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային միջոցների և կուտակային կենսաթոշակների ստացման ժամանակահատվածի հիման վրա: 


Կուտակային կենսաթոշակների ստացման ժամանակահատվածը որոշվում է կյանքի միջին տևողությունից (ներկա պահին 76 տարեկան) հանելով կենսաթոշակային տարիքը (63 տարեկան) վերածած ամիսների․


օրինակ՝ մասնակիցը կենսաթոշակի անցնելու պահին իր կենսաթոշակային հաշվում կուտակել է 20 մլն դրամ , կուտակային կենսաթոշակի հաշվարկման ժամանակահատվածը հավասար է (76-63)*12 = 156 ամիս , որտեղ 76-ը կյանքի միջին տևողությունն է, 63-ը կենսաթոշակի անցման տարիքն է, իսկ 12-ը տարվա ամիսների թիվն է։ Մասնակցի ամսական կենսաթոշակի չափը ստացվում է 20000000/156= 128205 ՀՀ դրամ։

Ինչպե՞ս են վճարվելու կուտակային կենսաթոշակները

Կախված մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կուտակային կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի ընդհանուր հաշվարկային արժեքից, մասնակիցն իր կուտակային կենսաթոշակը կարող է ստանալ հետևյալ եղանակներով.

1) եթե մասնակցի միջոցները, Կուտակային կենսաթոշակների մասին օրենքով սահմանված կարգով, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակային կենսաթոշակը ստանալու անուիտետի կամ ծրագրային վճարների կամ միանվագ վճարի տեսքով,

2) եթե մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը մեծ է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, բայց փոքր այդ կենսաթոշակի հնգապատիկից կամ հավասար դրան, ապա մասնակիցը պարտավոր է իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված գումարի չափով կնքել անուիտետի պայմանագիր,

3) եթե մասնակցի միջոցներն օրենքով սահմանված կարգով հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մի մասի մարման արդյունքում ստացված միջոցների հաշվին կնքել անուիտետի պայմանագիր այն գումարի չափով, որը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը կկազմի հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, իսկ մնացած մասը մասնակիցն իրավունք ունի ստանալու անուիտետի կամ ծրագրային վճարների կամ միանվագ վճարի ձևով: Անուիտետային պայմանագրերը պարտադիր են ցմահ կենսաթոշակ ապահովելու համար։

Հաշվարկման կարգին ծանոթացեք մյուս հարցի միջոցով։

Հնարավո՞ր է կուտակել մեկից ավելի ֆոնդերում

Մասնակիցն իրավունք ունի ընտրելու մեկ կենսաթոշակային ֆոնդ: Նույն ժամանակահատվածում մասնակցի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումը չի կարող ուղղվել միաժամանակ մեկից ավելի կենսաթոշակային ֆոնդերի: Սակայն, տարբեր ֆոնդերում կուտակելու համար, շահառուն ազատ է ընտրելու նոր ֆոնդ՝ մինչ այդ ձեռք բերած փայերը թողնելով նախորդ ֆոնդում։

 Ֆոնդի կառավարչին մասնակիցը կարող է անվճար փոխել տարեկան միայն մեկ անգամ։

Հնարավո՞ր է ժամանակից շուտ ձեռք բերել կուտակային կենսաթոշակի իրավունք

Եթե լրացել է մասնակցի 55 տարին, և նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը հավասարաչափ ամսական (252 ամիս) վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պետք է իր կենսաթոշակային ֆոնդի փայերի մի մասի մարման արդյունքում ստացված միջոցների հաշվին կնքի անուիտետի պայմանագիր, որը վերջինիս համար կապահովի ցմահ կենսաթոշակի իրավունք։ Միջոցների մնացած մասը մասնակիցն իրավունք ունի ստանալու անուիտետի, ծրագրային վճարների կամ միանվագ վճարի ձևով:

Ի՞նչպես ստուգեմ կուտակային կենսաթոշակային հաշիվս

Կուտակային կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևայալ 3 եղանակով․


  1. քաղվածք ArCa հավելվածի կամ բանկոմատների միջոցով, որտեղ արտացոլված է մինչև վերջին 10 գործարքների վերաբերյալ տեղեկատվություն,
  2. Ձեր նախընտրած ժամանակահատվածի համար մանրամասն տեղեկատվություն պարունակող տեղեկանքներ կարող եք ստանալ Հաշվի օպերատորների միջոցով՝ ներկայացնելով միայն ID քարտ կամ անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ,
  3. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կայքում առկա «Իմ հաշիվը» համակարգի օգնությամբ, եթե ունեք ID քարտ կամ քարտը կարդացող սարք։


Կուտակային հաշվում առկա զուտ գումարի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ Ձեր մոբայլ բենքինգի միջոցով։ 

Կուտակային միջոցները ժառանգելի՞ են

Մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգի ընտրությամբ՝ 


1․ կա՛մ փոխանցվում են վերջինիս կենսաթոշակային հաշվին,

 2․ կա՛մ մարվում են, իսկ մարման արդյունքում ստացված միջոցները վճարվում են ժառանգին՝ միանվագ վճարի տեսքով։

Ի՞նչ է փայը

Կուտակային կենսաթոշակային ֆոնդի փայն արժեթուղթ է, որը հավաստում է Ձեր՝ կենսաթոշակային ֆոնդի փայատեր լինելը: Փայերը ձեռքբերման պահից հանդիսանում են Ձեր սեփականությունը:

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ
Ինչո՞վ են միմյանից տարբերվում կենսաթոշակային ֆոնդերը

Մեր կողմից կառավարվող ՝ Հավասրակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերը, Հայաստանի Հանրապետությունում՝պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում ստեղծված ֆոնդեր են, որոնք միմյանիցից տարբերվում են բաժնային արժեթղթերում կատարվող ներդրումների կշիռներով:

  1. Հավասարակշռված ֆոնդ (AMBAL)․ ռիսկի աստիճանը՝ բարձր                                                                      Ներդրումներ՝ բաժնային արժեթղթեր≤ 50%, ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ≥ 50%
  2. Պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ (AMCON)․ ռիսկի աստիճանը՝ միջին                                     Ներդրումներ` բաժնային արժեթղթեր≤ 25% , ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ≥ 75%
  3. Կայուն եկամտային ֆոնդ (AMFIX)․ ռիսկի աստիճանը՝ ցածր                                                                              Ներդրումներ՝ Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ 100% 
Որտե՞ղ են ներդրվում Ձեր կուտակային հատկացումները

Մեր կողմից Ձեր օգտին կատարվող ներդրումների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այս կայքում հրապարակվող եռամսյակային և տարեկան հաշվետվությունների միջոցով, ինչպես նաև ֆոնդերի էջերում հրապարակվող ներդրումային կառուցվածքի միջոցով, որոնք թարմացվում են ամսական կտրվածքով։

Ֆոնդերի ակտիվների քանի՞ տոկոսն է ներդրվում Հայաստանում

Համաձայն կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի՝ ֆոնդերի ակտիվների մինչև 40%-ը կարելի է ներդնել արտարժույթով, այսինքն՝ միջոցների առնվազն 60%-ը ներդրվում է ՀՀ դրամով՝ Հայաստանի Հանրապետությունում:

Ո՞րն է արտասահմանյան անուղղակի ներդրումը

Մասնակիցների օգտին եկած կուտակային հատկացումներով կառավարիչները ձեռք են բերում արտասահմանյան պարտատոմսերի և/կամ բաժնետոմսերի ֆոնդերի մասնաբաժիններ, որոնք ներառում են հարյուրավոր ճանաչված ընկերությունների պարտատոմսեր և/կամ բաժնետոմսեր (դրանց ցանկին կարող եք ծանոթանալ ֆոնդերի հաշվետվությունների միջոցով և բացահայտել՝ որ ամենաճանաչված ընկերություններում են ուղղակիորեն և անուղղակիորեն ներդրվում Ձեր միջոցները

Այսինքն՝ Ձեր միջոցներով ձեռք չեն բերում մի քանի ընկերության բաժնետոմս կամ պարտատոմս, այլ դրանք դիվերսիֆիկացվում են ներդրումային ֆոնդերի միջոցով, ինչի շնորհիվ Դուք չեք կրում որևէ ընկերության սնանկացման ռիսկը։

Ի՞նչ է լինում կառավարումից ստացված եկամուտների հետ

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերում կատարվող Ձեր ներդրումները վերաներդրվում են։ Այսինքն՝ տոկոսագումարը կուտակվում է հիմնական գումարի վրա, գումարած նախկինում կուտակված եկամուտները:

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ
Որո՞նք են մեր առավելությունները

Հասանելիություն

Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարչի՝ ֆրանսիական Ամունդիի

       - առաջադեմ փորձարարությանը (know how) ,

       - ներդրումային ռազավարությանն ու

       - ռիսկերի կառավարման մեխանիզմներին։

Մեր մասնագիտական ներուժը

     - Փարիզում կենտրոնացված ներդրումային փորձագետների թիմեր, փորձագետներից 2-ը գործում են Երևանում,

     - Փարիզում կենտրոնացված վերլուծական թիմեր, Երևանում աշխատում է Ամունդիում վերապատրաստված 1 վերլուծաբան,

    - Աջակցող, վերստուգող թիմեր, 3-ը գործում են Երևանում։

Ամունդի-Ակբա-ն ամբողջովին տեղայնացրել է Ամունդիի փորձը։

Քանի՞ երկրում է ներկայացված ֆրանսիական Ամունդին

Ամունդին ներկայացված է 35 երկրում, իսկ տարածաշրջանում՝ միայն Երևանում:

ԲՍԿ
Ի՞նչ է ԲՍԿ-ն

Ի՞նչ է ԲՍԿ-ն ESG և ինչու է այն կարևոր բիզնեսի համար


Մեր օրերում բիզնեսի հաջողությունը միայն ֆինանսական շահույթի հետ կապված չէ։ Ավելի ու ավելի շատ ընկերություններ կարևորում են իրենց ազդեցությունը բնության, հասարակության և կառավարման արդյունավետության վրա։ Այս մասին է խոսում ESG-ն (Environmental, Social, Governance)` բնապահպանական, սոցիալական և կառավարչական սկզբունքները:


Բնապահպանական սկզբունքներ (Environmental)


ESG-ն առաջին հերթին անդրադառնում է շրջակա միջավայրին: Սա նշանակում է՝

• Ածխածնի արտանետումների կրճատում,

• Էներգիայի արդյունավետ օգտագործում,

• Թափոնների կառավարում և վերամշակում,

• Բնական ռեսուրսների պահպանություն:


Ընկերություններն իրենց ազդեցությունը նվազեցնելով ոչ միայն օգնում են մոլորակին, այլև խնայում են ռեսուրսներ և բարելավում իրենց հեղինակությունը:


Սոցիալական սկզբունքներ (Social):


Սոցիալական բաղադրիչը վերաբերում է մարդկանց ու համայնքներին: Սա ներառում է՝

• Աշխատակիցների առողջությունն ու բարեկեցությունը,

• Բազմազանության խթանում,

• Հավասար հնարավորությունների ստեղծում,

• Համայնքների աջակցության ծրագրերի իրականացում:


Սոցիալական պատասխանատու ընկերությունները գրավում են ավելի մեծ վստահություն՝ թե՛ իրենց աշխատակիցների, թե՛ հաճախորդների կողմից:


Կառավարչական սկզբունքներ (Governance):


ESG-ի կառավարչական մասը վերաբերում է կազմակերպության ղեկավարության պրակտիկային, որն ապահովում է արդար և թափանցիկ կառավարում: Սա ներառում է՝

• Կոռուպցիայի դեմ պայքար,

• Էթիկայի կանոնների պահպանում,

• Թափանցիկ հաշվետվություն,

• Առաջնորդության ներառական մոդելներ:


Ինչո՞ւ ներդնել ESG սկզբունքները


ESG-ի որդեգրումը օգնում է ընկերություններին՝

• Նվազեցնել ռիսկերը,

• Գրավել ավելի շատ ներդրումներ,

• Ապահովել երկարաժամկետ կայունություն,

• Բարելավել իրենց ազդեցությունը աշխարհում:


Ներկայումս ESG սկզբունքները դարձել են անհրաժեշտություն բիզնեսի համար՝ ապահովելով ոչ միայն ֆինանսական հաջողություն, այլև դրական ազդեցություն աշխարհի վրա:


ՓՈՂԻ ՇՈՒԿԱ
Ի՞նչ առանձնահատկություններ ունի փողի շուկան

Փողի շուկան կարճաժամկետ՝ որպես կանոն մինչև մեկ տարի մարման ժամկետով, փոխառությունների շուկա է, որտեղ բանկերը, վարկային և ապահովագրական ընկերությունները, կառավարությունը, պետական մարմինները և մասնավոր ընկերությունները իրենց ընթացիկ կարիքների համար փոխառություններ են տրամադրում կամ ներգարավում։


Առանձնահատկություններ․

  • Կարճաժամկետ,
  • Ցածր ռիսկ, 
  • Կանխատեսելի և համեմատաբար ցածր եկամտաբերություն։


Ինչպե՞ս է գործում շուկան


Փողի շուկան բաժանվում է երկու մասերի․


1. Միջբանկային շուկա

Այս շուկայի մասնակիցները՝ բանկերը և ֆինանսական կազմակերպությունները միմյանց կարճաժամկետ փոխառություններ են տրամադրում և միմյանցից փոխառություններ ներգրավում, որի միջոցով կառավարվում են նրանց ընթացիկ իրացվելիությունը և կենտրոնական բանկի կողմից սահմանված պարտադիր պահուստավորման պահանջները։ 


Կենտրոնական բանկը կարևոր դեր է խաղում այս շուկայում և անմիջական ազդեցություն ունի դրա վրա՝

  • գնելով կամ վաճառելով կանխիկ գումար,
  • սահմանելով վերաֆինանսավորման տոկոսադրույք, որը ազդում է այն տոկոսադրույքների վրա, որոնցով առևտրային բանկերը կարող են փոխառություն վերցնել կենտրոնական բանկից։

2. Պարտքային արժեթղթերի շուկա

Պարտքային արժեթղթերը կարճաժամկետ և միջնաժամկետ ֆինանսավորման աղբյուր են ընկերությունների, ազգային կառավարությունների և բանկերի համար, որոնք ներառում են՝

  • Ավանդային վկայագրեր՝ թողարկվում են բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից ֆիքսված տոկոսադրույքով և մարման ժամկետով: 
  • Կարճաժամկետ պարտատոմսեր՝ թողարկվում են ազգային կառավարությունների, բանկերի և այլ ընկերությունների կողմից: 

Ներդրողները, ինչպիսիք են կենսաթոշակային ֆոնդերը, բանկերը, ներդրումային ընկերությունները և այլոք, փողի շուկային կարող են մասնակցել գնելով վերոնշյալ գործիքները։



Ի՞նչ է ուղենշային տոկոսադրույքը և ի՞նչ դեր ունի փողի շուկայում


Փողի շուկայում ուղենշային տոկոսադրույքները հնարավորություն են տալիս հետևել տարբեր շուկաներում տեղի ունեցող փոփոխություններին և տարբեր աշխարհագրական տարածքների համար սահմանել ուղենշային ցուցանիշներ: Օրինակ՝ եվրագոտու միջբանկային ավանդների համար յուրաքանչյուր օր սահմանվում է ESTER ուղենշային տոկոսադրույքը, իսկ ԱՄՆ-ում բանկերի միջև փոխառության ուղենշային տոկոսադրույքը FED FUNDS տոկոսադրույքն է։ 


Հայաստանում բանկային տոկոսադրույքների ուղենիշ է համարվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ 


ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ
Ի՞նչ է պարտատոմսը

Պարտատոմսը  պարտքային արժեթուղթ է, որը թողարկվում է ընկերությունների, ազգային կառավարությունների և մասնավոր կազմակերպությունների կողմից։ Պարտատոմսերի թողարկման միջոցով նշված մասնակիցները պարտք են վերցնում և ֆինանսական միջոցներ ներգրավում իրենց գործունեությունը ընդլայնելու կամ զարգացնելու համար։ Իր պարտքի դիմաց, թողարկողը պարտատոմսի գնորդին (ներդրողին) պարբերաբար վճարում է արժեկտրոն (կուպոն), որը հաշվարկվում է ըստ արժեթղթի անվանական արժեքի:


Այսինքն՝ պարտատոմսերի շուկան օգնում է թողարկողներին ներգրավել միջոցներ, իսկ ներդրողներին՝ ներդրման միջոցով եկամուտ ստանալ։


Որո՞նք են պարտատոմսի առանձնահատկությունները

Պարտատոմսերը հատկապես հարմար են նրանց համար, ովքեր նախընտրում են ստանալ կայուն ու պարբերական եկամուտ՝ համեմատած բարձր ռիսկային ներդրումների։


Պարտատոմսերի շուկային բնորոշ են․ 

  • Ցածր ռիսկայնությունը,
  • Պարբերական և կանխատեսելի եկամտաբերությունը,
  • Կարճ, միջին և երկարժամկետ լինելը։


Պարտատոմսը կարող է փոխանցվել այլ անձանց, այսինքն՝ վաճառելով տվյալ պարտատոմսը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը կարելի է փոխանցել մեկ ուրիշին, ինչով և պարտատոմսը տարբերվում է բանկային ավանդից։ Մյուս կարևոր տարբերությունն այն է, որ պարտատոմսերում ներդրում կատարելով, հնարավոր է 2 տարբերակով ստանալ պոտենցիալ եկամուտ։ 


1. Կուպոնների տեսքով եկամուտ 

Որոշ պարտատոմսերի դիմաց թողարկողները նախապես ընտրված պարբերականությամբ վճարում են կուպոններ։ 

Օրինակ՝ 100,000 դրամ ծավալով 5 տարվա մարման ժամկետ ունեցող և 9% ֆիքսված տոկոսադրույքով պարտատոմսերի գնման դեպքում, ներդրողին կվճարվի 9000 դրամ կուպոն յուրաքանչյուր տարի։ 


2. Մարման ժամանակ պարտատոմսի արժեքի աճով պայմանավորված եկամուտ

Երբ պարտատոմսը մարվում է, ներդրողը ստանում է պարտատոմսի անվանական արժեքը և վերջին կուպոնը։ Անվանական արժեքից ցածր արժեքով գնելու պարագայում ներդրողը մարման պահին ստանում է շահույթ՝ անվանական արժեքի և շուկայական գնի տարբերության հաշվին։ Այս շահույթը լրացնում է նաև ստացված կուպոնային եկամուտը։


Պարտատոմսերի շուկայական գինը տատանվում է կախված վերաֆինանսավորման տոկոսադրույքից։ Տոկոսադրույքի նվազման արդյունքում պարտատոմսի շուկայական գինը բարձրանում է, իսկ տոկոսադրույքի աճի դեպքում՝ պարտատոմսի գինը նվազում է։ 

Նշանակում է առաջին դեպքում ներդրողը վաճառելով պարտատոմսը ստանում է շահույթ, իսկ մյուս դեպքում կարող է կրել վնաս։


Պարտատոմսերի տեսակները

Պարտատոմսերն ըստ մարման ժամկետի լինում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ 


Պարտատոմսերն ըստ թողարկողների լինում են պետական և կորպորատիվ։ Պետական պարտատոմսեր թողարկում են պետությունը, տարածքային կառավարման մարմինները, իսկ կորպորատիվ պարտատոմսերը՝ ընկերությունները և կազմակերպությունները։


Ըստ եկամտի ստացման եղանակի պարտատոմսերը լինում են կուպոնային և զրո արժեկտրոնով պարտատոմսեր։ Կուպոնային պարտատոմսերում ներդրում կատարելով՝ կուպոնը վճարվում է պարբերաբար, իսկ վերջինիս դեպքում պարտատոմսի ամբողջ կուպոնը վճարվում է մարման ժամանակ։


Պարտատոմսերը տարբերվում են նաև ըստ տոկոսադրույքի և կուպոնի հաշվարկման ձևի։

  • Ֆիքսված տոկոսադրույքով պարտատոմսեր

      Ամենատարածված պարտատոմսերն են, որոնց կուպոնային վճարումները նախապես հայտնի են և չեն փոխվում պարտատոմսի շրջանառության ընթացքում։ 

  • Լողացող տոկոսադրույքով պարտատոմսեր 

      Այս պարտատոմսի տոկոսադրույքը փոփոխվում է կախված վերաֆինանսավորման կամ ուղենշային տոկոսադրույքներից։

  • Գնաճով ինդեքսավորված պարտատոմսեր

     Այս պարտատոմսի տոկոսադրույքը կցված է գնաճին, հետևաբար կուպոնի արժեքը փոփոխվում է գնաճին համապատասխան։ 

     Այն եկամուտը պաշտպանում է գնաճային ռիսկերից։


Լինում են նաև փոխարկելի պարտատոմսեր, որոնք կարելի է փոխարկել թողարկողի այլ արժեթղթերով։ Փոխարկման դրույթները սահմանվում են թողարկման պայմաններում։ 



ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ
Ի՞նչ է բաժնետոմսը

Բաժնեմասը կամ բաժնետոմսը ընկերության կապիտալի մի մասն է: Ձեռք բերելով բաժնետոմս՝ բաժնետերը (ներդրողը) դառնում է ընկերության կապիտալի մի մասի սեփականատերը: Այն բաժնետիրոջը իրավունք է տալիս ստանալ շահաբաժին և կախված բաժնետոմսի տեսակից՝ քվեարկելու իրավունք։


Շահաբաժինը (դիվիդենտ) զուտ շահույթի մի մասն է, որը բաշխվում է բաժնետերերի միջև։ Այն տարբեր է՝ կախված ընկերության եկամուտներից։ 


Քվեարկելու իրավունքը ներդրողին հնարավորություն է տալիս մասնակցել ընկերության կարևոր որոշումներին։ Հետևապես, ինչքան մեծ է ներդրողի բաժնեմասը, այնքան նրա քվեարկության ազդեցությունն ավելին է ընկերության որոշումների կայացման մեջ։


Որո՞նք են բաժնետոմսերի առանձնահատկությունները


Բաժնետոմսերին բնորոշ են․

  • Պոտենցիալ բարձր եկամտաբերություն և ռիսկայնություն
  • Երկարաժամկետ ներդրումային հորիզոն


Ստացվում է՝ բաժնետոմսերը կարող են ապահովել ավելի բարձր եկամտաբերություն, քան ակտիվների այլ դասերը՝ հնարավոր բարձր ռիսկի դիմաց։ Հետևաբար, դրանք հատկապես հարմար են այն ներդրողների համար, ովքեր ունեն բարձր ռիսկի հանդուրժողականություն, ներդրումային երկարաժամկետ հորիզոն և ձգտում են բարձր եկամտաբերության։


Ինչպես պարտատոմսերը, այնպես էլ բաժնետոմսերը բաժնետերերին ապահովում են եկամուտ հետևյալ տեսքով.


1․ Արժեքի հավելաճ


Բաժնետոմսի գինը ժամանակի ընթացքում փոխվում և անընդհատ վերահաշվարկվում է։ Դրա գինը* սահմանվում է բաժնետոմսի շուկայում վաճառքի և ձեռքբերման գնի տարբերության, ինչպես նաև ընկերության եկամուտների և նույն ոլորտի այլ ընկերությունների համեմատ ֆինանսական ցուցանիշների հիման վրա։ Սովորաբար երբ ընկերությունը հայտարարում է շատ լավ ֆինանսական արդյունքների մասին, ապա ներդրողները ցանկանում են գնել այդ ընկերության բաժնետոմսերը: Պահանջարկի աճը պատճառ է դառնում, որ բաժնետոմսի գինը բորսայում աճի:


Բացի ֆինանսական ցուցանիշներից, գնի վրա ազդում են նաև այլ գործոններ, ներառյալ ընդհանուր շուկայական տրամադրությունը, տնտեսական պայմանները և նույնիսկ լուրերը կամ ենթադրությունները։ 


*Բաժնետոմսի գնի մասին մանրամասն կներկայացվի հաջորդ հարցում


2․ Պոտենցիալ եկամուտ


Այս եկամուտը բաժնետերը ստանում է շահաբաժնի տեսքով, որը վճարվում է ընկերության զուտ շահույթից՝ որոշակի չափաբաժնով։ Շահաբաժինները սովորաբար վճարվում են եռամսյակը մեկ, որի չափը որոշվում է տնօրենների խորհրդի կողմից՝ ընկերության եկամուտների հիման վրա։ Կան ընկերություններ, որոնք չեն վճարում շահաբաժիններ և փոխարենը դրանք վերաներդրում են ընկերության մեջ։


Բաժնետոմսերի տեսակները


Բաժնետոմսերը հիմնականում լինում են ․

  • Հասարակ 

Հասարակ կամ սովորական բաժնետոմսերը նրա սեփականատիրոջը տալիս է բաժնետոմսերին բնորոշ բոլոր իրավունքները, այդ թվում՝ ընկերության որոշումների կայացման, շահաբաժին ստանալու և այլ իրավունքներ։ 


  • Արտոնյալ 

Արտոնյալ բաժնետոմսերը նրա սեփականատիրոջը բաժնետերերի ժողովում ձայնի իրավունք չի տալիս, այսինքն՝ բաժնետերը չի կարող մասնակցել ընկերության կառավարման որոշումների կայացմանը։ Միևնույն ժամանակարտոնյալ բաժնետոմսի սեփականտերը ավելի մեծ իրավունքներ ունի ակտիվների և շահույթի նկատմամբ, քան հասարակ բաժնետոմսի ձեռքբերման դեպքում: Օրինակ, արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ստանում են դիվիդենտներ նախքան սովորական բաժնետերերը և ունեն առաջնահերթություն սնանկության կամ լուծարման դեպքում:


Բաժնետոմսերը տարբերակվում են նաև ըստ ֆոնդային բորսաներում շրջանառման։


  • Ցուցակված բաժնետոմսեր

Յուրաքանչյուր ցուցակված ընկերություն ունի որոշակի սահմանված թվով բաժնետոմսեր, որոնք շրջանառվում՝ գնվում և վաճառվում են ֆոնդային բորսայում։ Զարգացած կապիտալի շուկաներ ունեցող երկրներում բաժնետոմսի գինը բորսայի աշխատանքային ժամերի ընթացքում անընդհատ վերահաշվարկվում է և փոխվում է ըստ առաջարկի և պահանջարկի:


  • Մասնավոր ներդրումային կապիտալ

Մասնավոր կապիտալը ներդրումն է այնպիսի ընկերություններում, որոնք չեն շրջանառվում ֆոնդային բորսայում, փոխարենը դա կատարվում է ընկերության միջոցով արտաբորսայական եղանակով։ Այստեղ ներդրումներից ակնկալում են ավելի բարձր եկամտաբերություն, քան ֆոնդային բորսաներում գործարքներից։ Այս դեպքում դժվարանում է կապիտալի ձեռքբերումը և գնի որոշումը՝ վարկանիշի և կանոնավոր առուվաճառքի բացակայության պատճառով: Գնահատման համար հաճախ դիմում են մասնագետների, ովքեր ուսումնասիրում են ընկերության ֆինանսական հաշվետվությունները և համեմատում նմանատիպ ընկերությունների հետ: 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ
Ի՞նչ է ETF-ը

ETF-ը (Exchange Traded Fund) ներդրումային ֆոնդ է, որը ցուցակվում և շրջանառվում է ֆոնդային բորսայում։ Վերջին տարիներին ETF-ները մեծ տարածում են գտել ներդրողների շրջանում, քանի որ համարվում են հասանելի, թափանցիկ և համեմատաբար ցածր ծախսերով ներդրումային գործիքներ։


ETF-ը հնարավորություն է տալիս մեկ գործարքով ներդրում կատարել միաժամանակ մի քանի արժեթղթերում։ Այսպիսով, ներդրողը կարող է արագ և հարմար ձևով դիվերսիֆիկացնել իր ներդրումային պորտֆելը՝ առանց յուրաքանչյուր արժեթուղթ առանձին ձեռք բերելու անհրաժեշտության։


Օրինակ՝ ներդրում կատարելով MSCI World ինդեքսին հետևող ETF-ում՝ ներդրողը մեկ գործարքով ստանում է ավելի քան 1400 բաժնետոմսի հասանելիություն։ Սա ETF-ների կարևոր առավելություններից մեկն է։


ETF-ները բորսայում շրջանառվում են առևտրային օրվա ընթացքում և կարող են գնվել կամ վաճառվել ֆինանսական միջնորդի միջոցով՝ ինչպես սովորական բաժնետոմսերը։


ETF-ների հիմնական կատեգորիաները


ETF-ները բաժանվում են երկու հիմնական կատեգորիայի՝


  • Ինդեքսային ETF-ներ

Ինդեքսային ETF-ները, որոնք հաճախ անվանում են նաև պասիվ ETF-ներ, նպատակ ունեն հնարավորինս ճշգրիտ վերարտադրել որևէ հիմքային ինդեքսի կատարողականը։ Սա նշանակում է, որ ֆոնդը հետևում է ընտրված ինդեքսի արժեքի փոփոխությանը՝ թե՛ աճի, թե՛ անկման փուլերում։ Եվրոպական UCITS ETF շուկայում գերակշռում են այս տեսակի ETF-ները։


  • Ակտիվ ETF-ներ

Այս ETF-ները գործում են ակտիվ ռազմավարությամբ։ Այսինքն՝ դրանց կառավարումը կամ պորտֆելի կազմը չի սահմանափակվում միայն որևէ ինդեքսի կրկնությամբ։


Ինչպե՞ս են ինդեքսային ETF-ները վերարտադրում ֆոնդային ինդեքսի արդյունքը


Ինդեքսային ETF-ների դեպքում կիրառվում են ինդեքսի վերարտադրման երկու հիմնական մեթոդներ՝ ֆիզիկական և սինթետիկ։


  • Ֆիզիկական կամ ուղղակի վերարտադրում

ETF-ը պահում է համապատասխան ինդեքսում ներառված արժեթղթերը։

  • Սինթետիկ կամ անուղղակի վերարտադրում

ETF-ը ուղղակիորեն չի տիրապետում ինդեքսը կազմող արժեթղթերը։ Փոխարենը այն կնքում է ֆինանսական սվոփ համաձայնագիր՝ սովորաբար ներդրումային բանկի կամ ընկերության հետ, որը պարտավորվում է համապատասխանեցնել ETF-ի ինդեքսային եկամտաբերությունը և այն փոխանցել ֆոնդին։


ETF-ների տեսակները


ETF-ները կարող են տարբերակվել նաև ըստ ակտիվների, որոնցում ներդրում է կատարվում։


  • Բաժնետոմսերի ETF-ները տարբեր ընկերությունների բաժնետոմսերի զամբյուղ է։ Կան ETF-ներ, որոնք կենտրոնացած են կոնկրետ ոլորտների ընկերությունների՝ օրինակ տեխնոլոգիական, հեռահաղորդակցության, մաքուր էներգիայի կամ սպառողական ապրանքների, կամ տարածաշրջանային ընկերությունների բաժնետոմսերի վրա, որոնք հնարավորություն են տալիս ներդրում կատարել միջազգային բաժնետոմսերում։


  • Պարտատոմսերի ETF-ների եկամտաբերությունը կախված է հիմքում ընկած պարտատոմսերից, որոնք կարող են լինել պետական, կորպորատիվ կամ համայնքային։ Ի տարբերություն առանձին պարտատոմսերի՝ պարտատոմսային ETF-ները սովորաբար չունեն մարման հստակ ժամկետ։


  • Ոլորտային ETF-ները հետևում են որևէ կոնկրետ ոլորտի կամ ճյուղի, օրինակ՝ ավտոմոբիլային արդյունաբերությանը կամ էներգետիկային, և կարող են ներառել նույն ոլորտի տարբեր տեսակի ներդրումային ակտիվներ։


  • Ապրանքային ETF-ները ներդրում են կատարում ապրանքներում, օրինակ՝ նավթ կամ ոսկի։


Ինչպե՞ս ընտրել ETF

ETF ընտրելուց առաջ ներդրողը հստակ պետք է պատկերացնի իր ներդրումային հորիզոնը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ, ինչպես նաև այն ռիսկի մակարդակը, որը նա պատրաստ է ընդունել։


1. Սահմանել ETF-ի դերը ընդհանուր ներդրումային ռազմավարության մեջ

Այն կարող է օգտագործվել պորտֆելի դիվերսիֆիկացման, որևէ ոլորտում կամ աշխարհագրական տարածաշրջանում ներդրումների մասնաբաժնի ավելացման կամ ընդհանուր ռիսկը նվազեցնելու նպատակով։


2. Ընտրել համապատասխան ինդեքս (ընդհանուրից նեղ ոլորտային կամ աշխարհագրական)

Այն կարող է լինել միջազգային, տարածաշրջանային, թեմատիկ կամ ոլորտային։ Կարևոր է հասկանալ ինդեքսի կազմը և գնահատել, թե որքանով է այն համապատասխանում ներդրողի ռիսկի հանդուրժողականությանը։


3. Գնահատել ETF-ի հիմնական ցուցանիշները

ETF ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև հետևյալ գործոններին՝


  • կառավարման վճարներին և վարչական ծախսերին․ դրանք անմիջականորեն ազդում են ֆոնդի զուտ եկամտաբերության վրա։
  • զուտ եկամտաբերությանը,
  • ֆոնդի թափանցիկությանը և ESG չափանիշների կիրառմանը,
  • հետևման սխալին (tracking error), որը ցույց է տալիս, թե որքան ճշգրիտ է ETF-ը վերարտադրում իր հիմքում ընկած ինդեքսը։ Որքան հետևման սխալը փոքր է, այնքան ինդեքսի վերարտադրումը համարվում է ավելի որակյալ։


4. Ընտրել ներդրման ձևաչափը

ETF ընտրելիս կարևոր է նաև որոշել, թե ինչ ձևաչափով է կատարվելու ներդրումը՝ արժեթղթերի հաշվի և/կամ խնայողական պլանի միջոցով։

Որո՞նք են ETF-ի առավելությունները և ռիսկերը

Թեև ETF-ները լայնորեն կիրառվող և ներդրողների համար հարմար գործիքներ են, դրանք, ինչպես ցանկացած ներդրումային գործիք, նույնպես ներառում են տարբեր ռիսկեր։ Հետևաբար ներդրում կատարելուց առաջ կարևոր է հասկանալ ոչ միայն դրանց առավելությունները, այլև հնարավոր ռիսկերը։


ETF-ների հիմնական առավելությունները


  • Հասանելիություն

ETF-ները բորսայում շրջանառվում են ինչպես բաժնետոմսերը, ինչի շնորհիվ դրանք հասանելի են ներդրողների լայն շրջանակին։


  • Դիվերսիֆիկացիա

Մեկ գործարքով հնարավոր է ներդրում կատարել տարբեր արժեթղթերից կազմված զամբյուղում, որը վերարտադրում է ընտրված ինդեքսը։


  • Կառավարման համեմատաբար ցածր վճարներ

ETF-ների կառավարման ծախսերը հաճախ ավելի ցածր են, քան ավանդական ներդրումային ֆոնդերի ծախսերը։


  • Թափանցիկություն

ETF-ները սովորաբար հետևում են այնպիսի շուկայական ինդեքսների, որոնց կազմը հրապարակային է և հասանելի ներդրողների համար։


  • Մեծ ընտրություն

Եվրոպայում ցուցակված են բազմաթիվ ETF-ներ, որոնք հնարավորություն են տալիս ներդրում կատարել գլոբալ, տարածաշրջանային, ոլորտային, թեմատիկ կամ ESG չափանիշներ ներառող ինդեքսներում (MSCI World, CAC 40, Eurostoxx 50, S&P 500)։


Ինչպես ցանկացած ներդրումային գործիք, ETF-ները նույնպես ունեն ռիսկեր


  • Կապիտալի կորստի ռիսկ

ETF-ում ներդրում կատարելու դեպքում ներդրողը կրում է կապիտալի կորստի ռիսկը։ Սա նշանակում է, որ ներդրման արժեքը կարող է նվազել, և ներդրողը կարող է ամբողջությամբ չվերականգնել իր սկզբնական ներդրումը։


  • Վերարտադրման ռիսկ

ETF-ի նպատակն է հնարավորինս ճշգրիտ հետևել ընտրված ինդեքսին։ Սակայն որոշ դեպքերում այդ նպատակը կարող է ամբողջությամբ չիրականանալ։ Եթե հիմքում ընկած շուկաներում տեղի ունենան չնախատեսված իրադարձություններ, դրանք կարող են ազդել ինչպես ինդեքսի հաշվարկի, այնպես էլ ETF-ի վերարտադրման մեխանիզմի վրա։


  • Տատանողականության ռիսկ

ETF-ի արժեքը կախված է այն շուկաների գնային շարժերից, որոնց հետ կապված է տվյալ ինդեքսը։ Այդ պատճառով ETF-ի գինը կարող է արագ և անկանխատեսելի կերպով փոփոխվել՝ աճել կամ նվազել։


  • Հիմքում ընկած ակտիվների ռիսկ

ETF-ի հիմքում ընկած ինդեքսը կարող է ներառել այնպիսի արժեթղթեր, որոնք ավելի ռիսկային կամ ավելի տատանողական են, քան մյուսները։ Օրինակ՝ զարգացող շուկաներում ներդրում կատարող ETF-ները սովորաբար ավելի բարձր ռիսկ ունեն, քան զարգացած շուկաներինը։


  • Կոնտրագենտի ռիսկ

Եթե ETF-ը կիրառում է սվոփային պայմանագրեր կամ արժեթղթերի փոխառության մեխանիզմներ, առաջանում է նաև կոնտրագենտի ռիսկ։ Այսինքն՝ ներդրողը որոշ չափով կախված է այն կողմերից, որոնց հետ ֆոնդը կնքել է համապատասխան պայմանագրերը։ UCITS կանոնակարգի համաձայն՝ կոնտրագենտի նկատմամբ ազդեցությունը չի կարող գերազանցել ֆոնդի ընդհանուր ակտիվների 10 տոկոսը։


  • Արժութային ռիսկ

ETF-ը կարող է ենթարկվել արժութային ռիսկի, եթե դրա արժույթը տարբերվում է այն ակտիվների արժույթից, որոնցից կազմված է համապատասխան ինդեքսը։ Փոխարժեքների տատանումները կարող են ETF-ի արդյունքների վրա ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։


  • Համակենտրոնացման ռիսկ

Հատկապես թեմատիկ ETF-ների դեպքում ինդեքսը կարող է ներառել համեմատաբար սահմանափակ թվով բաժնետոմսեր կամ պարտատոմսեր։ Երբ ընտրության չափանիշներն ավելի խիստ են, ինդեքսը դառնում է ավելի կենտրոնացված, և ռիսկը բաշխվում է ավելի փոքր թվով ակտիվների միջև։


  • Լիկվիդայնության ռիսկ

ETF-ի գինն ու արժեքը կապված են այն ակտիվների լիկվիդայնության հետ, որոնք ներառված են դրա հիմքում ընկած ինդեքսում։ Եթե այդ ակտիվների շուկայում լիկվիդայնությունը սահմանափակվի, դա կարող է ազդել նաև ETF-ի առուվաճառքի վրա։ Բացի այդ, ETF-ի երկրորդային շուկայում լիկվիդայնությունը հաճախ ապահովվում է շուկա ստեղծողների կողմից, և որոշ արտառոց իրավիճակներում առուվաճառքը կարող է դժվարանալ։


Ինչպե՞ս հասկանալ ETF-ի ռիսկայնության մակարդակը


Ինչպես ցանկացած ֆոնդ կամ UCITS, ETF-ն ունի ռիսկի ցուցիչ, որը ներկայացվում է տվյալ ֆոնդի հիմնական տեղեկատվական փաստաթղթում (KID) և կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել։


Սովորաբար ռիսկի սինթետիկ ցուցիչը գնահատվում է 1-ից 7 սանդղակով, որտեղ՝


  • 1՝ համեմատաբար ցածր ռիսկ,
  • 7՝ բարձր ռիսկ։


Սակայն կարևոր է հասկանալ, որ նույնիսկ ամենացածր ռիսկային մակարդակը չի նշանակում, որ ներդրումը լիովին զերծ է ռիսկերից։


ETF-ները կարող են լինել արդյունավետ գործիք ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացման, տարբեր շուկաներում կամ ոլորտներում ներդրում կատարելու և ներդրումային ռազմավարությունն ընդլայնելու համար։ Սակայն դրանց հասանելիությունն ու պարզ կառուցվածքը չեն վերացնում ներդրումային ռիսկերը։ Հետևաբար ETF ընտրելիս կարևոր է գնահատել ոչ միայն դրա առավելությունները, այլև այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են ազդել ներդրման արդյունքների վրա։


թարմացված է` 02.04.2026 | 14:40