
ԵՐԵՎԱՆ, փետրվար, 2026թ. - Ամունդիի գլոբալ ներդրումային հեռանկարներին նվիրված տարեկան համաժողովի շրջանակում տեղի ունեցավ առանցքային կլոր սեղան-քննարկում՝ նվիրված աշխարհաքաղաքականությանն ու մակրոտնտեսությանը։
«Մակրոտնտեսություն և աշխարհաքաղաքականություն. անցում, ոչ թե անկում» խորագրի ներքո Ամունդի-Ակբայի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը, Ամունդի խմբի գլխավոր ներդրումային տնօրեն Վինսենթ Մորտիեն և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը քննարկեցին համաշխարհային տնտեսության նոր օրակարգը։
Քննարկումը մեկնարկեց հայեցակարգային կարևոր թեզով. համաշխարհային տնտեսությունը տեղափոխվում է «մեխանիկական ֆիզիկայի» պարզ մոդելներից դեպի «քվանտային ֆիզիկայի» բարդություն։ 2026 թվականը բնորոշվում է որպես տրանսֆորմացիայի շրջան, որտեղ արհեստական բանականության վրա հիմնված քաղաքականությունը, պաշտպանական ու արդյունաբերական նոր ռազմավարությունները ստիպում են ներդրողներին առաջնորդվել ոչ թե հստակ որոշակիությամբ, այլ հավանականության տեսությամբ։
Աշխարհաքաղաքականությունը մնում է «վերահսկելի խառնաշփոթի» փուլում, որտեղ պատահական սխալների հավանականությունը չափազանց մեծ է։
Կլոր սեղան-քննարկումը Ժան Մազեջյանը սկսեց հետևյալ հարցով․«Կայուն գնաճի, աշխարհաքաղաքական մասնատման կամ դանդաղող աճի տեսանկյունից, որն է ամենամեծ ազդեցությունն ունենալու խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների որոշումների վրա»։
Վինսենթ Մորտիեի կարծիքով՝ ներդրողների համար այսօր առաջնային գործոնը ներքին քաղաքականությունն է։ «Ճապոնիայի նոր վարչապետի ընտրությունը կամ Մեծ Բրիտանիայի բյուջետային որոշումները շատ ավելի մեծ ազդեցություն են ունենում շուկաների վրա, քան նախկինում», - մանրամասնեց Ամունդի խմբի գլխավոր ներդրումային տնօրենը, - «Երկրորդ, շուկաների համար հիմնական գործոնն աճի և գնաճի միջև եղած կապն է։ Վերջին հաշվով, ցանկացած ներդրողի նպատակը, հատկապես երկարաժամկետ հեռանկարում, գնողունակությունը պահպանելն է՝ գնաճից ավելի բարձր արդյունք ապահովելու համար»։
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշում է․ «Համամիտ եմ, որ, ըստ էության, ամբողջ քաղաքականությունը լոկալ է։ Սակայն, երբ տեղական քաղաքականություն իրականացնող երկիրը գերիշխող տերություն է, ապա այդ լոկալ քաղաքականությունը, միևնույն է, վերածվում է աշխարհաքաղաքականության։ Այդ իմաստով, կարծում եմ՝ աշխարհաքաղաքականությունը դեռևս վճռորոշ նշանակություն ունի»։
Մարտին Գալստյանը հավելեց, որ տնտեսական տրանսֆորմացիայի մասին խոսելիս, համաձայն է ձևակերպման հետ, բայց աշխարհաքաղաքականության մեջ առկա է խզում ԱՄՆ-ի և իր դաշնակիցների միջև։
Անդրադառնալով Կենտրոնական բանկերի վրա տոկոսադրույքները նվազեցնելու համար քաղաքական ուժեղ ճնշումներին, ինչպես ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի օրինակն է, ՀՀ ԿԲ նախագահը մնում է այն համոզմանը, որ պետք է պահպանել անկախությունը, կիրառել ռիսկերի կառավարման մոտեցում, որոշումները հաղորդակցել թափանցիկ կերպով, ինչպես նաև ձևավորել դրամավարկային և հակացիկլիկ բուֆերներ։ Մարտին Գալստյանի խոսքով․ «Դրամավարկային քաղաքականության նկատմամբ ռիսկերի կառավարման մոտեցումը, որը հիմնված է բազմասցենար վերլուծության վրա, առավել արժանահավատ է», նշանակում է, որ քաղաքականությունը պետք է առաջնորդվի մի քանի հավանական սցենարներով՝ յուրաքանչյուրի համար նախապես սահմանված արձագանքներով։ Ժամանակից շուտ մեղմացումը կարող է խաթարել շուկայի և հանրության վստահությունը, հատկապես, երբ կարճաժամկետ և երկարաժամկետ շուկայական ազդակները միմյանց չեն համընկնում։
Անդրադառնալով Հայաստանին՝ Վինսենթ Մորտիեն նշեց, որ միջազգային ներդրողների համար կարևոր է ստաբիլությունն ու վստահելիությունը։ Նրա խոսքով՝ սա այն հիմքն է, որի վրա պետք է կառուցվի երկրի հետագա առաջխաղացումը։ Որպես ներդրումների համար բարենպաստ ոլորտներ առանձնացվեցին տեխնոլոգիաները, էներգետիկան, գյուղատնտեսությունը և նորարարական վենչուրային նախագծերը։
Մարտին Գալստյանը, խոսելով հայկական պոտենցիալի մասին, շեշտեց. «Մենք շատ մեծ աշխատանք ենք կատարում Հայաստանը ներդրումների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ։ Այդ առումով, կարծում եմ, առաջիկա 5-10 տարիներին մենք ներդրումային քարտեզի վրա ճիշտ տեղում կլինենք։ Հայաստանն այն վայրն է, որտեղ պետք է լինել, մենք փոքր ենք, բայց երբեմն փոքր էլ գեղեցիկ է։ Շատ կարևոր է, թե որքան հաջող ես օգտագործում առկա ռեսուրսներդ և որքան կարող ես այդ ամենի հիմքով կառուցել վստահելի և ամուր համակարգ։ Այդ իմաստով, կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ բան սովորենք աշխարհից, մենք պետք է կարողանանք ներգրավել օտարերկրյա ներդրումներ, պետք է Հայաստան բերենք ավելի շատ բազմազգի ընկերություններ, որոնք կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։ Սա է առաջ շարժվելու ճանապարհը, որն իրեն արդարացրել է աշխարհի բազմաթիվ երկրներում, և ես կարծում եմ, որ մենք էլ պիտի կանգնենք այդ ուղղության վրա», - ինչը լավագույն ուղերձն է ներդրումների ներգրավման համար։
Համաժողովի ավարտին ակտիվ հարց ու պատասխանի միջոցով անդրադարձ կատարվեց ոսկու շուկայի տենդենցներին, տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ Իրանում տեղի ունեցող իրադարձություններին և ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությանը։
Հարցին, թե արդյո՞ք Ամունդին պատրաստ է ռիսկի գնալ և ներդրումներ կատարել Հայաստանում, Վինսենթ Մորտիեն տվեց հստակ և դրական պատասխան՝ «Իհարկե, մենք 12 տարի առաջ առաջին քայլն ենք կատարել Հայաստանում՝ հիմնելով Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը»։
Ծանոթացեք ամբողջական գլոբալ ներդրումային հեռանկարներին այստեղ