Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն
Կենսաթոշակային ֆոնդեր
11.05.2026
Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներն ու եկամտաբերությունը

2026 թվականի 1-ին եռամսյակ՝ ամփոփ

Տարին սկսվեց կառուցողական ֆոնով և հուսալի տնտեսական տվյալներով, որոնք նպաստեցին ռիսկային ակտիվների աճին` ԱՄՆ-ում և Եվրոպայում գրանցելով հիմնական ֆոնդային ինդեքսների նոր առավելագույններ: Սակայն մարտին Մերձավոր Արևելքում լարվածության սրումը հանգեցրեց գլոբալ շուկաների կողմից աշխարհաքաղաքական ռիսկերի կտրուկ վերագնահատման։ Տարեսկզբի դրական միտումներն արագորեն չեզոքացվեցին՝ հանգեցնելով նավթի և գազի գների կտրուկ աճի, գնաճային սպասումների վերակենդանացման, ինչի հետևանքով ֆինանսական շուկաներում սկսվեց ներդրումային տարբեր ակտիվների զանգվածային վաճառք։ 


Մարտը բարդ շրջան էր շուկաների համար. ճնշման տակ հայտնվեցին ինչպես բաժնետոմսերը, այնպես էլ պետական պարտատոմսերը, մինչդեռ ապրանքային շուկաները հանդես եկան որպես ակնհայտ հաղթող։ 


Այս աշխարհաքաղաքական պայմաններում տնտեսական ցնցման ազդեցությունն են կրել նաև կենսաթոշակային ֆոնդերը։


Հավասարակշռված (AMBAL) և Պահպանողական (AMCON) ֆոնդերը 2026թ․ առաջին եռամսյակի համար գրանցել են բացասական եկամտաբերություն, համապատասխանաբար՝ -0.69% և -0.28%: Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդը պահպանել է իր դրական եկամտաբերությունը և եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 1.04%:


Հաշվետու ժամանակաշրջանում ֆոնդերի կատարողականի դրական հիմնական աղբյուրը եղել են տեղական ներդրումները, մասնավորապես՝ ՀՀ պետական պարտատոմսերը, որոնց հաջորդել են ավանդներն ու ՀՀ կորպորատիվ պարտատոմսերը։


Աշխարհաքաղաքական վերջին ցնցումների հետևանքով արտասահմանյան ակտիվների արդյունավետությունը ամենացածրն էր զարգացած շուկաների բաժնետոմսերի շուկայի հատվածներում, որտեղ ամենամեծ բացասական արդյունքը գրանցվել է եվրոպական և հյուսիսամերիկյան բաժնետոմսերում:


Հավասարակշռված (AMBAL), Պահպանողական (AMCON) և Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդերի զուտ ակտիվների հանրագումարը 2026թ. մարտի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 777 մլրդ դրամ, որից շուրջ 194 մլրդ  դրամը` ակտիվների 25%-ը ձևավորվել է  ֆոնդերի ստեղծման պահից ներդրումների արդյունքում։


Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը հաշվետու եռամսյակում կազմել է 7.3% - 8%՝ կախված ֆոնդի տեսակից*։


*Ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները ներառում են ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարները և ծախսերը:
Եկամտաբերության նախկին ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ապագա եկամտաբերության համար:

Նյութի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն
թարմացված է` 12.05.2026 | 11:08