
«Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը․ Կարմիր պաստառի մահապարտները» պատկերապատ գիրքը ներկայացվեց հայ ընթերցողին

Հոկտեմբերի 21-ին, ՌեԱ անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում, տեղի է ունեցել մեր աջակցությամբ թարգմանված «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը․ Կարմիր պաստառի մահապարտները» պատկերապատ գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք համաֆինանսավորել ենք այս կարևոր գրքի հայերեն թարգմանությունը՝ փոխանցելու հայ ընթերցողին այն արժեքները, որոնք կրել է Ֆրանսիայի հերոս հայազգի Միսաք Մանուշյանը։
Որպես հայ-ֆրանսիական ընկերություն՝ մեր հանձնառության մի մասն է նպաստել երկու երկրների համագործակցության ամրապնդմանը նաև մշակութային ժառանգության պահպանման միջոցով։ Սա արդեն երկրորդ ֆրանս-հայկական մշակութային կամուրջն է, որը կառուցում ենք՝ նախկինում հայաֆիկացնելով Շառլ Ազնավուրի ստեղծագործական ողջ ժառանգությունը։ Այս հանձնառությունները խորհրդանշում են մեր երկու ժողովուրդների միջև ձևավորված ընդհանուր արժեքները և այն մեծագույն ներդրումը, որն ունեցել են հայերը Ֆրանսիայի պատմության մեջ և մշակութային կյանքում։
Գրքի շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը՝ ընդգծելով այսպիսի նախաձեռնությունների կարևորությունը կրթության և մշակույթի զարգացման համատեքստում։ Նա վերհիշեց․«Ֆրանսիայի Պանթեոնում հանգչած Միսաք և Մելինե Մանուշյանների հուշարձանների վերևում գրություն կա․ «Հայրենիքը երախտապարտ է իր նշանավոր մարդկանց»։ Շատ խորհրդանշական է, որ նրանց աճյուններն ամփոփվել են այդ կարևոր վայրում, որով վերահաստատվում է Ֆրանսիայի երախտագիտությունը՝ հանուն հայրենիքի և միասնական նպատակի նրանց կրած զոհողությանը»։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը և փոխնախարարը, Բելգիայի Արտակարգ և լիազոր դեսպանը, Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի գծով կցորդը և այլ պատվիրակներ։


«Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը» պատկերապատ գիրքը հեղինակել է Ժան-Դավիդ Մորվանը և նկարել Թոմաս Չերքեզյանը, որը պատմում է Կարմիր պաստառի մահապարտների՝ հայազգի Միսաք Մանուշյանի և նրա ընկերների ողբերգական ու հերոսական պատմությունը։ Այն ոչ միայն պատերազմի և դիմադրության մասին է, այլև մարդկային արժանապատվության, ազատության, հավատարմության և, ընդհանրապես, մարդկային արժեքների պահպանման և ժառանգության մասին։
Միսաք Մանուշյանի մասին
Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թվականին պատմական Հայաստանում՝ հայկական ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդներից մեկը, որին մասնակցում էր նաև իր կինը՝ Մելինեն։
2024 թվականին փետրվարի 21-ին՝ Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների մահապատժի 80-ամյակի օրը, նրա և կնոջ՝ Մելինեի աճյունները տեղափոխվել են Փարիզի Պանթեոն՝ ի պատիվ բոլոր օտարերկրացիների և ներգաղթյալների, ովքեր միացել են Դիմադրությանը հանուն Ֆրանսիայի ազատության։
Մանուշյանը եղել է նաև բանաստեղծ և ստեղծագործել է տարբեր թեմաներով, այդ թվում՝ հայրենիքի հանդեպ սիրո մասին, բռնության, ազատության և պայքարի մասին։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ․–ին: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 694 մլրդ ՀՀ դրամ ակտիվ։
Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2025թ․հունիսի 30-ի դրությամբ ավելի քան 2.2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 66 մասնաճյուղ։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: