
Գլոբալ ներդրումային հեռանկարներին նվիրված «Անդադար ընթացք» խորհրդանշական անունը կրող համաժողովի եզրափակիչ թեման նվիրված էր ակտիվների տեղաբաշխման հեռանկարներին։
Փորձագիտական երկխոսության ձևաչափով անցկացվող քննարկումը կամրջեց համաշխարհային մակրոտնտեսական զարգացումները գործնական ներդրումային լուծումների հետ։
Խոսնակներն էին Ամունդի Ֆրանսիայի պատվիրակված ներդրումային լուծումների ղեկավար Ֆրեդերիկ Պասկալը և Ամունդի-Ակբայի գլխավոր ներդրումային տնօրեն Հրայր Ասլանյանը։
Ներկայացնելով տեղական շուկայի պատկերը՝ Հրայր Ասլանյանը նշեց, որ տնտեսությունն անցել է ավելի կայուն փուլ, որը պահանջարկի կողմից դրսևորվել է սպառման և մասնավոր ներդրումների հաշվին, իսկ առաջարկի կողմից, որպես հիմանական շարժիչ ուժ, առանձնացրեց տնտեսության առավել ակտիվ ոլորտները, մասնավորապես՝ շինարարությունն ու ծառայությունների մատուցումը։ Անդրադառնալով գնաճին՝ նա նշեց, որ ՀՀ կենտրոնական բանկի ժամանակին և վճռական արձագանքի շնորհիվ հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը։
Խոսելով ակտիվների շուկայի մասին՝ Հրայր Ասլանյանը շեշտեց պետական պարտատոմսերի առանցքային դերը։ 2025 թվականի ընթացքում դրանց եկամտաբերության կորը շարժվել է դեպի ներքև՝ համահունչ զարգացող շուկաների գլոբալ միտումներին։
Միևնույն ժամանակ, զգալի աշխուժություն է նկատվում կորպորատիվ պարտատոմսերի շուկայում, հատկապես, ոչ ֆինանսական հաստատությունների կողմից թողարկված պարտատոմսերում։ Ըստ փորձագետի՝ սա ռազմավարական ուղղություն է, քանի որ կորպորատիվ արժեթղթերը կարևորագույն նշանակություն ունեն կենսաթոշակային ֆոնդերի դիվերսիֆիկացման համար։ «Մեր ջանքերը շարունակաբար կենտրոնացած են լինելու հիմնականում դրամով արտահայտված կորպորատիվ պարտատոմսերի շուկայում։ Կարևոր է նաև լինելու մասնավոր սեկտորի ներդրումների ավելացումը ֆոնդերում», - ավելացրեց Հրայր Ասլանյանը։
2025թ․-ի կենսաթոշակային ֆոնդերի արդյունքներով տարին ամփոփվեց կայուն ցուցանիշներով, որոնց նպաստեցին միջազգային ստանդարտներին համապատասխան արդյունավետ ռազմավարությունների կիրառումը և ներդրումային պորտֆելների դիվերսիֆիկացումը տեղական և արտասահմանյան ակտիվներում՝ պատշաճ կերպով կառավարելով արժույթի և շուկայական ռիսկերը։
Այս մոտեցումը ապահովել է դրական արդյունքներ՝ ի շահ կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների երկարաժամկետ ներդրումային նպատակների։
Ֆոնդերի կառավարման արդյունավետության մասին են վկայում նաև թվերը. միայն 2025թ.-ին կենսաթոշակային ֆոնդերն աճել են ավելի քան 180 մլրդ դրամով, որից 40%-ը բացառապես ձևավորվել է գեներացված եկամտի հաշվին։
Համաժողովի այս հատվածում Ֆրեդերիկ Պասկալը ներկայացրեց ակտիվների ռազմավարական տեղաբաշխման (Strategic Asset Allocation) սկզբունքները, որոնք ընկած են Ամունդիի ներդրումային գործունեության հիմքում։
Ներդրումային տրամաբանությունը կառուցվում է ռիսկի և ակնկալվող եկամտաբերության վերլուծության վրա։ Խոսելով ակտիվների մասին՝ Ֆրեդերիկ Պասկալը նշեց․ «Բաժնային արժեթղթերը շարունակում են մնալ ամենառիսկային, բայց միևնույն ժամանակ խոստումնալից ակտիվներ։ 5, 10 կամ նույնիսկ 20 տարվա հեռանկարում հենց բաժնային արժեթղթերն են ապահովում առավելագույն արդյունք։ Ակնկալվող եկամտաբերության տեսանկյունից ներկայումս առաջատար դիրքերում են Ճապոնիայի բաժնային արժեթղթերի շուկան և զարգացող շուկաները»:
Ամունդին Հայաստանում ձևավորել է ներդրումային մի մշակույթ, որտեղ պորտֆելները կառուցվում են՝ հաշվի առնելով թե՛ պահպանողական կայունությունը և թե՛ հավասարակշռված աճի հեռանկարները։
Ֆրեդերիկ Պասկալը բարձրաձայնեց մի կարևոր խնդիր, որն արդեն քննարկվել էր ԿԲ նախագահի և Ամունդիի գործընկերների հետ։ «Չնայած մենք ունենք հստակ թիրախներ (օրինակ՝ պորտֆելի 10%-ը ներդնել մասնավոր կապիտալում), տեղական շուկայում ներդրումային հնարավորությունների պակասը թույլ չի տալիս լիարժեք իրացնել այդ թիրախները»։
Շուկա մուտք գործելու ճիշտ ժամանակի ընտրությունը թույլ է տալիս առավելագույնի հասցնել եկամտաբերությունը նույնիսկ տատանողական շուկաների պայմաններում։ Ամունդի Ֆրանսիայի պատվիրակված ներդրումային լուծումների ղեկավարն այնուամենայնիվ հատուկ ընդգծեց, որ ներդրումների մեջ «երբ»-ը նույնքան կարևոր է, որքան «ինչ»-ը։
Քննարկման եզրափակիչ հատվածում խոսնակները պատասխանեցին ակտիվների և կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ հարցերին։
Ծանոթացեք ամբողջական գլոբալ ներդրումային հեռանկարներին այստեղ՝