Մեդիա կենտրոն

04.06.2024

Ամունդի-Ակբան 5 մլն ՀՀ դրամ կտրամադրի «Դասավանդի՛ր Հայաստանին»

Երևան, 27 մայիսի, 2024թ․

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն և «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում Ամունդի-Ակբան Դասավանդի՛ր Հայաստանին կտրամադրի 5 մլն ՀՀ դրամ աջակցություն: Տրամադրվող միջոցները կուղղվեն ուսուցիչ-առաջնորդների մանկավարժական ու առաջնորդության հմտությունների զարգացմանը։


«Մեր սոցիալական պատասխանատվության հիմքում կրթությունն է ու մշակույթը։ Հայաստանը չունի բնական պաշարներ, բայց ունի ուղեղներ։ Կայուն զարգացման ու հզոր պետություն կառուցելու համար պետք է ունենալ լավ կրթական համակարգ, իսկ լավ կրթությունը պետք է սկսել դպրոցից։ Մեր և դասավանդիր Հյաստանի արժեքները մեկտեղվում են», - նշել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ում մենք հավատացած ենք, որ պետությունը հնարավոր է շենացնել միայն կրթական հնարավորությունների ընդլայնման և համայնքային զարգացման միջոցով, որը հնարավոր է դառնում մեր հավատարիմ գործընկերների և աջակիցների շնորհիվ։ Մեծապես երախտապարտ եմ «Ամունդի-Ակբա»-ին մեզ վստահելու և մեր առաքելությանը հավատալու համար։ Մեր վստահելի գործընկերների հետ միասին մենք կարող ենք նպաստել Հայաստանի բոլոր երեխաների համար կրթական ավելի բարենպաստ հնարավորությունների ստեղծմանը։ Մենք հավատացած ենք, որ նման համագործակցություններն էլ ավելի են ամրապնդում Հայաստանի բոլոր երեխաներին գերազանց կրթությամբ ապահովելու մեր ձգտումը»,- իր խոսքում նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։



Աջակցելով կրթական կազմակերպություններին՝ Ամունդի-Ակբա ընկերությունն ակտիվորեն նպաստում է Հայաստանում գիտելիքի, նորարարության և կրթական ոլորտի առաջընթացին։ Այս համագործակցությամբ ընկերությունը հայ հասարակության շրջանում ոչ միայն ամրապնդում է գիտելիք, այլև առանցքային դեր է խաղում երկրի ապագայի կերտման գործում։



«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ․–ին: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2024թ․ մայիսի 31-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով ավելի քան 475 մլրդ ՀՀ դրամ ակտիվ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024թ․ մարտի 31-ի դրությամբ ավելի քան 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 65 մասնաճյուղ։

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը 2013 թվականին հիմնադրված հասարակական ներազդեցության ուղղվածությամբ կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի հանրակրթական համակարգի բարելավումն է, որպեսզի այն հավասարապես հասանելի դառնա Հայաստանի բոլոր երեխաների համար։ Կազմակերպությունը ձգտում է այս առաքելության իրականացմանը՝ հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին և մասնագետներին, ովքեր երկու տարով գործուղղվում են մարզեր՝ դասավանդելու համայնքի դպրոցում։  Ապահովելով իր ծածկույթը Հայաստանի բոլոր մարզերում՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ունի ավելի քան 130 Ուսուցիչ-առաջնորդ, 30.000 աշակերտ և 340 Շրջանավարտ-դեսպան։

 

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

 

թարմացված է` 04.06.2024 | 14:05