Բարձր գնահատելով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դերը Հայաստանի
կրթական համակարգում ժամանակակից մարտահրավերներին համապատասխան մշակույթ ներմուծելու,
ինչպես նաև երկրի պատանիների ապագա կայացման գործում ուղեկցելու հարցում ստանձնած
պատրաստակամությունը՝ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների
կենտրոնի հետ միասին վերակնքեց նոր փոխըմբռնման հուշագիր: Այսպիսով՝ ընկերության սոցիալական
պատասխանատվության և այս գործակցության շրջանակում, Ամունդի-Ակբան իր շահույթից 5
տարվա կտրվածքով 100 մլն դրամ կտրամադրի Թումոյին` տարբեր ծրագրեր իրականացնելու համար:
«Կուտակային կենսաթոշկային ֆոնդեր կառավարելուց զատ, Ամունդի-Ակբան ունի նաև
կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն: Հայաստանում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների
կենտրոնին ուղղված մեր երկարաժամկետ աջակցությունը ցույց է տալիս երկրի զարգացման
գործում մեր ստանձնած պատրաստակամությունը, իսկ կայուն զարգացման համատեքստում երկարաժամկետ
արդյունք ունենալու համար պետք է ապահովել կրթական բարձր մակարդակ» - նշել է Ամունդի-Ակբա
Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը:
«Մեզ համար չափազանց
ոգևորիչ և արժեքավոր է Ամունդի-Ակբայի հետ այս համագործակցությունը: Այն միաժամանակ անդրադառնում է մեր գործունեության մի քանի
ոլորտների. մարզերում ընդլայնմանը Թումո տուփերի կառուցման միջոցով, կրթական գործընթացի
բազմազանության ապահովմանը հավելյալ աշխատարանների միջոցով և ուսանողների համար անփոխարինելի
միջազգային բարձրակարգ փորձառության հնարավարության ստեղծմանը», - նշեց Թումոյի տնօրեն
Մարի Լու Փափազյանը:
Ամունդի-Ակբայի և Թումոյի համագործակցությունը սկսվել էր դեռևս 2019թ.-ին։
Քառամյա համագործակցության շրջանակում Թումոն Ամունդի-Ակբայի ֆինանսավորմամբ հաջողությամբ կյանքի
կոչեց բազմաթիվ նախագծեր․ մասնավորապես՝ Թումոյի, Ամունդի-Ակբայի և ՀՀ ԿԲ համատեղ ուժերով Տավուշի
Բերդ քաղաքում բացվեց առաջին Թումո տուփը։ Տուփը հնարավորություն է տալիս տեխնոլոգիաների
և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։
Թումո ստուդիաներում անցկացվել
են վեց աշխատարաններ, որոնց արդյունքում 48 երտասարդ ձեռք են բերել նոր հմտություններ
արհեստագործության ոլորտում,
որոնք նրանց կապահովեն աշխատանքով։ Թումո ստուդիաների 4 ուսանողներ հնարավորություն
են ստացել կրթությունը շարունակելու աշխարհի նորաձևության ամենահեղինակավոր դպրոցներից
մեկում՝ ֆրանսիական Դյուպերյեում։ Նրանք վերադառնալու են Հայաստան, և կիրառելու են ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ հիմնելով
սեփական ընկերություններ ու նպաստելով տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի
ստեղծմանը։