Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն
Կենսաթոշակային ֆոնդեր
03.02.2026
2025թ․-ի կենսաթոշակային ֆոնդերի ամփոփում

Երևան, 03․02․2026թ․

2025թ․-ին ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում շարունակում ենք մնալ առաջատար ակտիվների կառավարիչ՝ 2025թ․-ի դեկտեմբերի դրությամբ կառավարման ներքո մոտ 750 միլիարդ ՀՀ դրամ ակտիվներով։ 


Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդերի հիմնադրումից ի վեր, համատեղելով ակտիվների կառավարման միջազգային լավագույն փորձն ու տեղական շուկայի խորը իմացությունը, արդյունավետ կառավարում ենք ֆոնդերում շուրջ 558,000 կուտակողների կենսաթոշակային միջոցները։ 


Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում պահպանել ենք մեր առաջատար դիրքը շուկայում և ձևավորել կայուն աճի վստահելի պատմություն՝ առաջնահերթություն տալով կապիտալի պահպանմանը, թափանցիկությանը և կայուն երկարաժամկետ եկամտաբերությանը, ինչպես նաև էական ազդեցություն ունենալով Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման վրա։


2025թ․-ի արդյունքները․ տարին ամփոփվեց կայուն արդյունքներով, որին նպաստեց միջազգային ստանդարտներին համապատասխան արդյունավետ ռազմավարությունների կիրառումը և ներդրումային պորտֆելների դիվերսիֆիկացումը տեղական և արտասահմանյան ակտիվներում՝ պատշաճ կերպով կառավարելով արժույթի և շուկայական ռիսկերը։ Այս մոտեցումը ապահովել է դրական արդյունքներ՝ ի շահ կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների երկարաժամկետ ներդրումային նպատակների։


Միայն 2025թ.-ին կենսաթոշակային ֆոնդերն աճել են 180 մլրդ դրամով, որից 40%-ը ձևավորվել է եկամտի հաշվին։ 


Ֆոնդերի եկամտաբերությունը 2025թ․-ի համար կազմել է՝ [1]


Ամունդի-Ակբա Պահպանողական ֆոնդ (AMCON)՝ +12․0%

Ամունդի-Ակբա Հավասարակշռված ֆոնդ (AMBAL)՝ +12.4%

Ամունդի-Ակբա Կայուն եկամտային ֆոնդ (AMFIX)՝ +10.1% 


Տեղական ներդրումների ընդլայնում․ 2025 թվականի ընթացքում Ամունդի-Ակբան ընդլայնել է տեղական ներդրումային գործունեությունը՝ ներդրումներ կատարելով ոչ ֆինանսական ոլորտի ընկերությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերում։ Միաժամանակ ընդլայնվել է արժութային հեջավորման գործիքակազմը՝ նոր ISDA-ով կարգավորվող խաչաձև արժութային սվոփերի միջոցով, ինչպես նաև բարելավվել է եկամտաբերության և իրացվելիության կառավարումը՝ GMRA-ով կարգավորվող հակադարձ ռեպո գործարքների կիրառմամբ։ Օգտագործվել են նաև ուղղակի մասնավոր կապիտալի հնարավորությունները։


Երկարաժամկետ արդյունքներ․ 2025թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ներքո գտնվող ակտիվները կազմել են մոտ 750 միլիարդ ՀՀ դրամ, որից 26%-ը գոյացել է կառավարման արդյունքում գոյացած եկամտից։ Ակտիվների շուրջ 64%-ը ներդրված է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է միջազգային շուկաներում։


Ստեղծման պահից երեք կենսաթոշակային ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը կազմել է 7.5 – 8.2% միջակայքում [1]։


Առաջիկա տարիներին Ամունդի-Ակբան նպատակ ունի խորացնել համագործակցությունը տարբեր հաստատությունների հետ՝ խթանելու կապիտալի շուկայի զարգացումը, ստեղծելու նոր ներդրումային հնարավորություններ կենսաթոշակային ֆոնդերի համար և նպաստելու Հայաստանի տնտեսության երկարաժամկետ աճին։


[1] Եկամտաբերության նախկին ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ապագա եկամտաբերության համար։

թարմացված է` 03.02.2026 | 13:54