
Ամունդի-Ակբան, կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից, 20 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կկատարի Firebird-ի՝ Հայաստանում արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման նախագծում։
Նախագիծը նաև կարևոր նախադեպ է Հայաստանի ֆինանսական շուկայի համար․ առաջին անգամ վեց ֆինանսական հաստատություն միավորել են ուժերը` աջակցելու Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացմանը։
Սինդիկատի ձևավորումը նշանավորում է կենսաթոշակային ֆոնդերի կողմից կատարվող առաջին ուղիղ ներդրումային հանձնառությունը՝ Հայաստանի Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում 2025 թ․ մարտին կատարված փոփոխությունից հետո։
Նախագծում կենսաթոշակային ֆոնդերի միջոցներով ներդրումային հանձնառություն ստանձնելուց առաջ՝ Ամունդի-Ակբան իր շահույթից վճարել է վերազգային Աֆրի ընկերությանը պատշաճ ուսումնասիրություններն (due diligence) ու մի շարք ֆինանսական վերլուծություններ իրականացնելու համար։
Այս որոշումն արտացոլում է մեր կողմից կենսաթոշակային ֆոնդերի պատասխանատու կերպով կառավարելու հանձնառությունը՝ կենտրոնանալով շահառուների համար երկարաժամկետ արժեք ստեղծելու, պորտֆելի դիվերսիֆիկացման և միջազգային ճանաչում ունեցող լավագույն փորձը տեղայնացնելու վրա։
«Կուտակային կենսաթոշակային համակարգի առաջնային նպատակը սոցիալական է՝ ապահովել արժանապատիվ կենսաթոշակ ապագա թոշակառուների համար, միաժամանակ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը», - նշել է Ամունդի-Ակբայի գլխավոր տնօրեն Ժան Մազեջյանը։ «Այս ներդրումը ցույց է տալիս, որ կենսաթոշակային ակտիվները կարող են կառավարվել խելամիտ ու պատասխանատու կերպով՝ միաժամանակ նպաստելով երկրի ապագայի համար կարևոր ռազմավարական ոլորտների զարգացմանը»։
Firebird-ի կողմից կառուցվելիք արհեստական բանականության տվյալների կենտրոնը նախատեսվում է դառնալ արհեստական բանականության տարածաշրջանի առաջին և խոշորագույն տվյալների կենտրոնը։ Նախագիծը մշակվում է NVIDIA-ի, Dell Technologies-ի և Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ։
Ակնկալվում է, որ այս նախագիծը կամրապնդի Հայաստանի դիրքերը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն, կաջակցի կապիտալի շուկաների զարգացմանը և կստեղծի նոր հնարավորություններ տնտեսական աճի համար։
«Սա Հայաստանի ֆինանսական համակարգի համար կարևոր քայլ է», - նշել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Այն ցույց է տալիս, որ տեղական հաստատություններն ունեն միջազգային մասշտաբի նախագծերը գնահատելու և ֆինանսավորելու կարողություն՝ միաժամանակ ուղղելով կապիտալը դեպի այն ոլորտներ, որոնք կարող են խթանել երկարաժամկետ տնտեսական զարգացումը»։
Firebird-ի նախագիծը Հայաստանի պատմության մեջ տեխնոլոգիական ամենախոշոր ներդրումներից է։ Նախաձեռնության ընդհանուր ծավալը կազմում է 300 միլիոն ԱՄՆ դոլար, և այն կարևոր քայլ է երկրի թվային ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին։
Տեխնոլոգիական և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչները ողջունել են նախագիծը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի աճող դերակատարության նշան առաջատար տեխնոլոգիաների, նորարարության և ներդրումների ներգրավման ոլորտներում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախաձեռնությունն անվանել է ներդրում ոչ միայն Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում, այլև գիտության և տնտեսության զարգացման մեջ։
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման տեսանկյունից այս գործարքը ոչ միայն նշանակալի ներդրումային որոշում է, այլ նաև կարևոր օրինակ՝ թե ինչպես կարող են կենսաթոշակային ֆոնդերը նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ միաժամանակ պաշտպանելով շահառուների շահերը։