
Երևան, 19 մարտ 2026թ.
Ամունդի-Ակբան և Երևանի պետական համալսարան հիմնադրամը՝ համալսարանականների ֆինանսական գրագիտության զարգացմանը նպաստելուն ուղղված պայմանագիր են ստորագրել։
Պայմանագրի շրջանակում երեք տարվա ընթացքում Երևանի պետական համալսարանի ուսանողներին հասանելիություն կտրամադրենք Ամունդի-Ակբա Ակադեմիայի դասընթացներին։
Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, բարձր ենք գնահատում կրթության դերը երկրի կայուն զարգացման գործում և կարևորում ենք հասարակության ֆինանսական գրագիտության շարունակական զարգացումը, որը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու։
«Երևանի պետական համալսարանը կարևորում է կրթությունը ոչ միայն որպես մասնագիտական գիտելիքի փոխանցման, այլև որպես ժամանակակից հասարակությունում պատասխանատու և իրազեկ քաղաքացի ձևավորելու գործընթաց։ Ֆինանսական գրագիտությունն այսօր երիտասարդի մրցունակության, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության և երկարաժամկետ զարգացման կարևոր բաղադրիչներից է։ Ուրախ ենք, որ այս համագործակցության շնորհիվ մեր ուսանողները հնարավորություն կունենան օգտվելու միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ռեսուրսներից և խորացնելու իրենց գիտելիքները ֆինանսների ու ներդրումային մշակույթի ոլորտում», - նշում է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Մեր սոցիալական պատասխանատվության հիմքում կրթությունն է։ Հայաստանը չունի բնական շատ պաշարներ, բայց ունի տաղանդներ։ Կայուն զարգացման ու հզոր պետություն կառուցելու համար պետք է ունենալ լավ կրթական համակարգ․ այդ առումով շատ խորհրդանշական է Հայաստանի Մայր բուհի հետ համագործակցության պայմանագիր կնքելը։ Վստահ եմ, որ միավորելով ջանքերը երկրի կայուն զարգացման համար, մենք ստեղծելու ենք երկարաժամկետ ազդեցություն», - հավելում է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։
Կողմերը վստահ են, որ այս համագործակցությունը կնպաստի համալսարանականների ֆինանսական գրագիտության ամրապնդմանը։
Ամունդի-Ակբա Ակադեմիան առաջարկում է ֆինանսների կառավարման և ներդրումային ռազմավարությունների առցանց ուսուցման դասընթացներ՝ նախատեսված ինչպես սկսնակների համար՝ ֆինանսական ոլորտում հիմնարար գիտելիքներ ստանալու, այնպես էլ փորձագիտական գիտելիքները խորացնելու նպատակով ոլորտի մասնագետների համար։ Դասընթացները հասանելի են հայերենով և տեղայնացվել են ֆրանսիական Ամունդի Ակադեմիայից, որոնք մշակվել են տարբեր ինստիտուտների միջազգային փորձագետների կողմից և համապատասախանում են միջազգային լավագույն ստանդարտներին։
Ակադեմիան ներառում է դասընթացների չորս ուղղություն՝ հիմնարար, փորձագիտական, ֆինանսական (հիմնված՝ «հավաստագրված ֆինանսական վերլուծաբանների» (CFA) նյութերի վրա) և ESG (ԲՍԿ): Երևանի պետական համալսարանի ուսանողները կունենան անվճար հասանելիություն դասընթացներին և հնարավորություն կստանան մասնակցելու ակադեմիայի այլ ծրագրերին: