Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն
02.04.2026
Ի՞նչ է ETF-ը

ETF-ը (Exchange Traded Fund) ներդրումային ֆոնդ է, որը ցուցակվում և շրջանառվում է ֆոնդային բորսայում։ Վերջին տարիներին ETF-ները մեծ տարածում են գտել ներդրողների շրջանում, քանի որ համարվում են հասանելի, թափանցիկ և համեմատաբար ցածր ծախսերով ներդրումային գործիքներ։


ETF-ը հնարավորություն է տալիս մեկ գործարքով ներդրում կատարել միաժամանակ մի քանի արժեթղթերում։ Այսպիսով, ներդրողը կարող է արագ և հարմար ձևով դիվերսիֆիկացնել իր ներդրումային պորտֆելը՝ առանց յուրաքանչյուր արժեթուղթ առանձին ձեռք բերելու անհրաժեշտության։


Օրինակ՝ ներդրում կատարելով MSCI World ինդեքսին հետևող ETF-ում՝ ներդրողը մեկ գործարքով ստանում է ավելի քան 1400 բաժնետոմսի հասանելիություն։ Սա ETF-ների կարևոր առավելություններից մեկն է։


ETF-ները բորսայում շրջանառվում են առևտրային օրվա ընթացքում և կարող են գնվել կամ վաճառվել ֆինանսական միջնորդի միջոցով՝ ինչպես սովորական բաժնետոմսերը։


ETF-ների հիմնական կատեգորիաները


ETF-ները բաժանվում են երկու հիմնական կատեգորիայի՝


  • Ինդեքսային ETF-ներ

Ինդեքսային ETF-ները, որոնք հաճախ անվանում են նաև պասիվ ETF-ներ, նպատակ ունեն հնարավորինս ճշգրիտ վերարտադրել որևէ հիմքային ինդեքսի կատարողականը։ Սա նշանակում է, որ ֆոնդը հետևում է ընտրված ինդեքսի արժեքի փոփոխությանը՝ թե՛ աճի, թե՛ անկման փուլերում։ Եվրոպական UCITS ETF շուկայում գերակշռում են այս տեսակի ETF-ները։


  • Ակտիվ ETF-ներ

Այս ETF-ները գործում են ակտիվ ռազմավարությամբ։ Այսինքն՝ դրանց կառավարումը կամ պորտֆելի կազմը չի սահմանափակվում միայն որևէ ինդեքսի կրկնությամբ։


Ինչպե՞ս են ինդեքսային ETF-ները վերարտադրում ֆոնդային ինդեքսի արդյունքը


Ինդեքսային ETF-ների դեպքում կիրառվում են ինդեքսի վերարտադրման երկու հիմնական մեթոդներ՝ ֆիզիկական և սինթետիկ։


  • Ֆիզիկական կամ ուղղակի վերարտադրում

ETF-ը պահում է համապատասխան ինդեքսում ներառված արժեթղթերը։

  • Սինթետիկ կամ անուղղակի վերարտադրում

ETF-ը ուղղակիորեն չի տիրապետում ինդեքսը կազմող արժեթղթերը։ Փոխարենը այն կնքում է ֆինանսական սվոփ համաձայնագիր՝ սովորաբար ներդրումային բանկի կամ ընկերության հետ, որը պարտավորվում է համապատասխանեցնել ETF-ի ինդեքսային եկամտաբերությունը և այն փոխանցել ֆոնդին։


ETF-ների տեսակները


ETF-ները կարող են տարբերակվել նաև ըստ ակտիվների, որոնցում ներդրում է կատարվում։


  • Բաժնետոմսերի ETF-ները տարբեր ընկերությունների բաժնետոմսերի զամբյուղ է։ Կան ETF-ներ, որոնք կենտրոնացած են կոնկրետ ոլորտների ընկերությունների՝ օրինակ տեխնոլոգիական, հեռահաղորդակցության, մաքուր էներգիայի կամ սպառողական ապրանքների, կամ տարածաշրջանային ընկերությունների բաժնետոմսերի վրա, որոնք հնարավորություն են տալիս ներդրում կատարել միջազգային բաժնետոմսերում։


  • Պարտատոմսերի ETF-ների եկամտաբերությունը կախված է հիմքում ընկած պարտատոմսերից, որոնք կարող են լինել պետական, կորպորատիվ կամ համայնքային։ Ի տարբերություն առանձին պարտատոմսերի՝ պարտատոմսային ETF-ները սովորաբար չունեն մարման հստակ ժամկետ։


  • Ոլորտային ETF-ները հետևում են որևէ կոնկրետ ոլորտի կամ ճյուղի, օրինակ՝ ավտոմոբիլային արդյունաբերությանը կամ էներգետիկային, և կարող են ներառել նույն ոլորտի տարբեր տեսակի ներդրումային ակտիվներ։


  • Ապրանքային ETF-ները ներդրում են կատարում ապրանքներում, օրինակ՝ նավթ կամ ոսկի։


Ինչպե՞ս ընտրել ETF

ETF ընտրելուց առաջ ներդրողը հստակ պետք է պատկերացնի իր ներդրումային հորիզոնը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ, ինչպես նաև այն ռիսկի մակարդակը, որը նա պատրաստ է ընդունել։


1. Սահմանել ETF-ի դերը ընդհանուր ներդրումային ռազմավարության մեջ

Այն կարող է օգտագործվել պորտֆելի դիվերսիֆիկացման, որևէ ոլորտում կամ աշխարհագրական տարածաշրջանում ներդրումների մասնաբաժնի ավելացման կամ ընդհանուր ռիսկը նվազեցնելու նպատակով։


2. Ընտրել համապատասխան ինդեքս (ընդհանուրից նեղ ոլորտային կամ աշխարհագրական)

Այն կարող է լինել միջազգային, տարածաշրջանային, թեմատիկ կամ ոլորտային։ Կարևոր է հասկանալ ինդեքսի կազմը և գնահատել, թե որքանով է այն համապատասխանում ներդրողի ռիսկի հանդուրժողականությանը։


3. Գնահատել ETF-ի հիմնական ցուցանիշները

ETF ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև հետևյալ գործոններին՝


  • կառավարման վճարներին և վարչական ծախսերին․ դրանք անմիջականորեն ազդում են ֆոնդի զուտ եկամտաբերության վրա։
  • զուտ եկամտաբերությանը,
  • ֆոնդի թափանցիկությանը և ESG չափանիշների կիրառմանը,
  • հետևման սխալին (tracking error), որը ցույց է տալիս, թե որքան ճշգրիտ է ETF-ը վերարտադրում իր հիմքում ընկած ինդեքսը։ Որքան հետևման սխալը փոքր է, այնքան ինդեքսի վերարտադրումը համարվում է ավելի որակյալ։


4. Ընտրել ներդրման ձևաչափը

ETF ընտրելիս կարևոր է նաև որոշել, թե ինչ ձևաչափով է կատարվելու ներդրումը՝ արժեթղթերի հաշվի և/կամ խնայողական պլանի միջոցով։


Ինչպես նշեցինք վերևում, ETF-ները ներդրումային գործիքներ են, հետևաբար ETF-ների առավելություններն ու ռիսկերը դիտարկելը նույնպես կարևոր է դրանց ընտրության հարցում։

թարմացված է` 17.07.2026 | 07:56