Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն
02.04.2026
Որո՞նք են ETF-ի առավելությունները և ռիսկերը

Թեև ETF-ները լայնորեն կիրառվող և ներդրողների համար հարմար գործիքներ են, դրանք, ինչպես ցանկացած ներդրումային գործիք, նույնպես ներառում են տարբեր ռիսկեր։ Հետևաբար ներդրում կատարելուց առաջ կարևոր է հասկանալ ոչ միայն դրանց առավելությունները, այլև հնարավոր ռիսկերը։


ETF-ների հիմնական առավելությունները


  • Հասանելիություն

ETF-ները բորսայում շրջանառվում են ինչպես բաժնետոմսերը, ինչի շնորհիվ դրանք հասանելի են ներդրողների լայն շրջանակին։


  • Դիվերսիֆիկացիա

Մեկ գործարքով հնարավոր է ներդրում կատարել տարբեր արժեթղթերից կազմված զամբյուղում, որը վերարտադրում է ընտրված ինդեքսը։


  • Կառավարման համեմատաբար ցածր վճարներ

ETF-ների կառավարման ծախսերը հաճախ ավելի ցածր են, քան ավանդական ներդրումային ֆոնդերի ծախսերը։


  • Թափանցիկություն

ETF-ները սովորաբար հետևում են այնպիսի շուկայական ինդեքսների, որոնց կազմը հրապարակային է և հասանելի ներդրողների համար։


  • Մեծ ընտրություն

Եվրոպայում ցուցակված են բազմաթիվ ETF-ներ, որոնք հնարավորություն են տալիս ներդրում կատարել գլոբալ, տարածաշրջանային, ոլորտային, թեմատիկ կամ ESG չափանիշներ ներառող ինդեքսներում (MSCI World, CAC 40, Eurostoxx 50, S&P 500)։


Ինչպես ցանկացած ներդրումային գործիք, ETF-ները նույնպես ունեն ռիսկեր


  • Կապիտալի կորստի ռիսկ

ETF-ում ներդրում կատարելու դեպքում ներդրողը կրում է կապիտալի կորստի ռիսկը։ Սա նշանակում է, որ ներդրման արժեքը կարող է նվազել, և ներդրողը կարող է ամբողջությամբ չվերականգնել իր սկզբնական ներդրումը։


  • Վերարտադրման ռիսկ

ETF-ի նպատակն է հնարավորինս ճշգրիտ հետևել ընտրված ինդեքսին։ Սակայն որոշ դեպքերում այդ նպատակը կարող է ամբողջությամբ չիրականանալ։ Եթե հիմքում ընկած շուկաներում տեղի ունենան չնախատեսված իրադարձություններ, դրանք կարող են ազդել ինչպես ինդեքսի հաշվարկի, այնպես էլ ETF-ի վերարտադրման մեխանիզմի վրա։


  • Տատանողականության ռիսկ

ETF-ի արժեքը կախված է այն շուկաների գնային շարժերից, որոնց հետ կապված է տվյալ ինդեքսը։ Այդ պատճառով ETF-ի գինը կարող է արագ և անկանխատեսելի կերպով փոփոխվել՝ աճել կամ նվազել։


  • Հիմքում ընկած ակտիվների ռիսկ

ETF-ի հիմքում ընկած ինդեքսը կարող է ներառել այնպիսի արժեթղթեր, որոնք ավելի ռիսկային կամ ավելի տատանողական են, քան մյուսները։ Օրինակ՝ զարգացող շուկաներում ներդրում կատարող ETF-ները սովորաբար ավելի բարձր ռիսկ ունեն, քան զարգացած շուկաներինը։


  • Կոնտրագենտի ռիսկ

Եթե ETF-ը կիրառում է սվոփային պայմանագրեր կամ արժեթղթերի փոխառության մեխանիզմներ, առաջանում է նաև կոնտրագենտի ռիսկ։ Այսինքն՝ ներդրողը որոշ չափով կախված է այն կողմերից, որոնց հետ ֆոնդը կնքել է համապատասխան պայմանագրերը։ UCITS կանոնակարգի համաձայն՝ կոնտրագենտի նկատմամբ ազդեցությունը չի կարող գերազանցել ֆոնդի ընդհանուր ակտիվների 10 տոկոսը։


  • Արժութային ռիսկ

ETF-ը կարող է ենթարկվել արժութային ռիսկի, եթե դրա արժույթը տարբերվում է այն ակտիվների արժույթից, որոնցից կազմված է համապատասխան ինդեքսը։ Փոխարժեքների տատանումները կարող են ETF-ի արդյունքների վրա ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։


  • Համակենտրոնացման ռիսկ

Հատկապես թեմատիկ ETF-ների դեպքում ինդեքսը կարող է ներառել համեմատաբար սահմանափակ թվով բաժնետոմսեր կամ պարտատոմսեր։ Երբ ընտրության չափանիշներն ավելի խիստ են, ինդեքսը դառնում է ավելի կենտրոնացված, և ռիսկը բաշխվում է ավելի փոքր թվով ակտիվների միջև։


  • Լիկվիդայնության ռիսկ

ETF-ի գինն ու արժեքը կապված են այն ակտիվների լիկվիդայնության հետ, որոնք ներառված են դրա հիմքում ընկած ինդեքսում։ Եթե այդ ակտիվների շուկայում լիկվիդայնությունը սահմանափակվի, դա կարող է ազդել նաև ETF-ի առուվաճառքի վրա։ Բացի այդ, ETF-ի երկրորդային շուկայում լիկվիդայնությունը հաճախ ապահովվում է շուկա ստեղծողների կողմից, և որոշ արտառոց իրավիճակներում առուվաճառքը կարող է դժվարանալ։


Ինչպե՞ս հասկանալ ETF-ի ռիսկայնության մակարդակը


Ինչպես ցանկացած ֆոնդ կամ UCITS, ETF-ն ունի ռիսկի ցուցիչ, որը ներկայացվում է տվյալ ֆոնդի հիմնական տեղեկատվական փաստաթղթում (KID) և կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել։


Սովորաբար ռիսկի սինթետիկ ցուցիչը գնահատվում է 1-ից 7 սանդղակով, որտեղ՝


  • 1՝ համեմատաբար ցածր ռիսկ,
  • 7՝ բարձր ռիսկ։


Սակայն կարևոր է հասկանալ, որ նույնիսկ ամենացածր ռիսկային մակարդակը չի նշանակում, որ ներդրումը լիովին զերծ է ռիսկերից։


ETF-ները կարող են լինել արդյունավետ գործիք ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացման, տարբեր շուկաներում կամ ոլորտներում ներդրում կատարելու և ներդրումային ռազմավարությունն ընդլայնելու համար։ Սակայն դրանց հասանելիությունն ու պարզ կառուցվածքը չեն վերացնում ներդրումային ռիսկերը։ Հետևաբար ETF ընտրելիս կարևոր է գնահատել ոչ միայն դրա առավելությունները, այլև այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են ազդել ներդրման արդյունքների վրա։

թարմացված է` 17.07.2026 | 07:55