
2026թ․ 2-րդ եռամսյակ
Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերը 2026թ․ 2-րդ եռամսյակում վերականգնվել են Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին մարտի վերջին գրանցված նվազագույն մակարդակներից և գրանցել են դրական եկամտաբերություն։
Երկրորդ եռամսյակում Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածությունը պարբերաբար բարձրացնում էր շուկաների անկայունությունը։ Սակայն ԱՄՆ-Իրան հրադադարի շրջանակային համաձայնության և փոխըմբռնման հուշագրի (MoU) շուրջ հայտարարություններն որոշակիորեն մեղմեցին տարածաշրջանային ավելի լայն էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները։ Արդյունքում էներգակիրների գները նվազեցին, իսկ ներդրողների տրամադրությունները բարելավվեցին, քանի որ թուլացան համաշխարհային էներգամատակարարման երկարատև խափանման շուրջ մտավախությունները։
Հրադադարի վերաբերյալ նորություններով
պայմանավորված, ինչպես նաև արհեստական բանականության (AI) կապիտալ ծախսերի շուրջ լավատեսության
վերականգնման պայմաններում՝ համաշխարհային բաժնետոմսերի շուկաները գրանցեցին աճ, ինչն
իր հերթին մեծապես նպաստեց Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի դրական
եկամտաբերությանը։
Միաժամանակ պարտատոմսերի եկամտաբերությունների
շարժը չափազանց սերտորեն հետևում էր էներգետիկ շուկաների զարգացումներին։ Եռամսյակի
կեսերին, երբ լարվածության սրման մտահոգություններն ուժեղացան, պետական պարտատոմսերի
եկամտաբերությունները բարձրացան՝ հասնելով բազմամյա առավելագույն մակարդակների, սակայն
հետագայում նվազեցին՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնության շուրջ հուսադրող ազդակների
ֆոնին։ Այնուամենայնիվ, արտասահմանյան պարտքային գործիքները սահմանափակել են եկամտաբերության
աճը Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերում։
Տեղական ներդրումներից՝ ՀՀ
պետական և կորպորատիվ պարտատոմսերը, ինչպես նաև ավանդները, դրական ազդեցություն են
ունեցել բոլոր ֆոնդերի եկամտաբերության վրա, իսկ ՀՀ բաժնետոմսերը՝ Հավասարակշռված և
Պահպանողական ֆոնդերի։
Ամունդի-Ակբա կենսաթոշակային
ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը հաշվետու եռամսյակում կազմել
է 7.36% - 8.27%՝ կախված ֆոնդի տեսակից*, իսկ տարվա սկզբից եկամտաբերությունը ֆոնդերում
կազմել է համապատասխանաբար՝
Հավասարակշռված (AMBAL) ֆոնդ`
4.8%,
Պահպանողական (AMCON) ֆոնդ՝
4.1%
Կայուն եկամտային (AMFIX)
ֆոնդ` 2.6%:
Հավասարակշռված, Պահպանողական
և Կայուն եկամտային ֆոնդերի ակտիվների հանրագումարը 2026թ. հունիսի վերջի դրությամբ
կազմել է ավելի քան 842.4 մլրդ դրամ, որից շուրջ 228 մլրդ․դրամը` ակտիվների 27%-ը ձևավորվել
է ներդրումների արդյունքում։
*Ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները ներառում են ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարները և ծախսերը:
Եկամտաբերության նախկին ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ապագա եկամտաբերության համար: