Մեդիա կենտրոն
Ամունդի–Ակբա. տասը տարվա հաջողության պատմությունն ու զարգացման ոգեշնչող ուղին
Երևան, 3 հոկտեմբերի, 2024թ․
Տասը տարի առաջ Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին սկսեց իր գործունեությունը Հայաստանում՝ Ակբա բանկի հետ համատեղ հիմնելով կուտակային կենսաթոշակային ֆոնդեր կառավարող «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը:
Ամունդի-Ակբայի գործունեությունը Հայաստանում առանցքային նշանակություն ունեցավ կուտակային կենսաթոշակային ռեֆորմի իրականացման համար։ Գործընթացը հիմնված էր միջազգային փորձի լայնածավալ ուսումնասիրության, տեղայնացման ու հնարավոր ռիսկերի կառավարման վրա։
«Մեր առաջնային նպատակը ապագայում թոշակառուների ֆինանսական անկախությունն ու բարեկեցությունն է։ Հայաստանում ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգի համատեքստում մենք հաջողել ենք, և ոչ միայն մենք, այլև մյուս շահակիրները` թե՛ պետական ապարատը, և թե՛ տնտեսության այլ դերակատարները։ Համակարգը գործում է սահուն, մասնակիցների կուտակային հատկացումները կառավարիչ ընկերություններին փոխանցվում են ժամանակին, գումարները ներդրվում են՝ ապահովելու համակարգի մասնակիցների կենսաթոշակային տարիքում ավելի լավ ծերություն ունենալու հնարավորությունը»,- նշում է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։
«Ամունդի-Ակբա ընկերությունը լիարժեքորեն կայացել է, և դրանում մեծ դեր են խաղացել բոլոր այն մարդիկ, որոնք, ներգրավված լինելով այս նախագծի մեջ, համառորեն առաջ են գնացել չնայած մի շարք դժվարությունների։ Ամունդի-Ակբայի բիզնես մոդելը յուրօրինակ է և այսօր նաև օրինակելի մյուս երկրների համար», - նշել է Ամունդի-Ակբա ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանը։
Ֆրանսիական Ամունդիի գլխավոր կառավարման հանձնաժողովի անդամ, CPR Ասեթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Օլիվիե Մարիեն նշեց․ «Հայաստանի հետ գործակցությունը ֆանտաստիկ է, կարելի է ասել՝ սա արդեն բարեկամություն է: Կենսաթոշակային ֆոնդերը կառավարելուց բացի, այս 10 տարիների ընթացում աշխատանքներ են տարվել նաև ֆինանսական շուկաները զարգացնելու համար և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Մենք պատրաստ ենք այստեղ տեղայնացնել լավագույն փորձը և ֆինանսական գործիքները՝ ի նպաստ Հայաստանի տնեսության զարգացման։ Առջևում շա՛տ-շա՛տ անելիքներ կան»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ Ամունդիի՝ հեղինակավոր միջազգային կազմակերպության գործունեությունը ոչ միայն առանցքային էր Հայաստանում կենսաթոշակային ռեֆորմի իրականացման տեսանկյունից, այլ նաև ազդակ միջազգային հանրությանը՝ Հայաստանում ներդրումներ իրականացնելու և խոշոր ծրագրեր նախաձեռնելու համար:
ՀՀ Կետրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխոումները աշխարհում ամենաբարդ բարեփոխումների թվին են դասվում, և այժմ մենք նշում ենք մեր նորանկախ պատմության անկյունաքարային ձեռքբերումներից մեկի՝ կենսաթոշաային համակարգի բարեփոխումների տասնամյակը, որը երկարաժամկետ ու ծանր գործընթաց է՝ լի մարտահրավերներով: Նա ընդգծեց Ամունդիի ներկայության կարևորությունը Հայաստանում, որը մեր երկրի ֆինանսական շուկա է բերել ակտիվների կառավարման աշխարհի լավագույն փորձը, նոր մշակույթ, նորարարական լուծումներ:
Ամունդի-Ակբայի տասնամյակին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ով նշեց, որ Ամունդի-Ակբայի գործունեությունը Հայաստանում իսկապես անգնահատելի է: Կենսաթոշակային ֆոնդերը կարող են կենտրոնանալ նաև երկարաժամկետ ռազմավարական ներդրումների վրա, որոնք անհրաժեշտ են Հայաստանի ուժեղացման համար:
Միջոցառման ընթացքում նաև ներկայացվեց եվրոպական փորձի հիման վրա հիմնադրված Ամունդի-Ակբա ակադեմիան, որը համալսարաններին և ուսանողներին առցանց կտրամադրի գիտելիքներ և հմտություններ ֆինանսական գրագիտությունը խթանելու և մասնագիտական կատարելագործման համար:
«Ամունդի–Ակբա ակադեմիան կարդալու, աճելու և գիտելիքահեն բազայի վրա ավելի լավ պաշտպանություն ձևավորելու մասին է. մենք տեղայանացնում ենք Ամունդի ակադեմիան», – նշեց Ամունդի-Ակբա ընկերության մարքեթինգային հաղորդակցությունների պատասխանատու Զարինե Եղիազարյանը։
Ակադեմիայի մեկնարկման շրջանակում առաջին գործակցության հուշագրերը ստորագրվել են Հայաստանի Ֆրանսիական և Տնտեսագիտական համալսարանների հետ, ինչի շնորհիվ ուսանողները հասանելիություն կունենան հիմնարար, փորձագիտական, ՍիԷֆԷյ և Բնապահպանական, սոցիալական և կառավարչական սկզբունքներով առցանց դասընթացներին։ Հաջորդ հուշագիրը կկնքվի Երևանի պետական համալսարանի հետ։ Հասարակության ավելի լայն զանգվածի համար Ամունդի-Ակբան կհրապարակի աշխարհաքաղաքականության, մակրոտնտեսության և ֆինանսական շուկաների մասին Ամունդի ներդրումային ինստիտուտից հայերեն թարգմանված բացառիկ նյութեր և վերլուծություններ:
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: