Մեդիա կենտրոն
Ամունդի-Ակբան Հայաստանում հիմնում է ակադեմիա՝ խթանելու ֆինանսական գրագիտությունը
Երևան, 24․09․2024թ․
Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում ֆինանսական գրագիտությունը և ոլորտում մասնագիտական աճը խթանելու նպատակով՝ կորպորատիվ սոցիալական քաքաքականության շրջանակում, հիմնում է Ամունդի-Ակբա ակադեմիան: Այս նախաձեռնությունը, որի հիմքում ընկած է ֆրանսիական Ամունդի ակադեմիայի, ինչպես նաև եվրոպական երկրների լավագույն փորձը, նպատակ ունի համալսարաններին և ուսանողներին տրամադրել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական կատարելագործման համար:
Ամունդի-Ակբա ակադեմիան կառաջարկի կրթական առցանց ուսուցման/մոդուլների համապարփակ շրջանակ՝ հարմարեցված տարբեր լսարաններին, ովքեր հետաքրքրված են ֆինանսներով, հատկապես ակտիվների կառավարմամբ և ներդրումային ռազմավարություններով։
Ամունդի-Ակբա ակադեմիան ներառում է դասընթացների չորս ուղղություն՝ հիմնարար, փորձագիտական, ֆինանսական (հիմնված՝ «հավաստագրված ֆինանսական վերլուծաբանների» (CFA) նյութերի վրա) և ESG (ԲՍԿ): Առանցքային ուշադրություն է լինելու՝ ESG-ն (Բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներ): Տեղի ուսանողները կունենան անվճար հասանելիություն դասընթացներին և հնարավորություն կստանան մասնակցելու ակադեմիայի ծրագրերին:
Առաջիկայում Ամունդի-Ակբան հայաստանյան բուհերի հետ փոխըմբռնման հուշագրեր և գործընկերային համաձայնագրեր է կնքելու, որոնց մասին առանձին կհայտարարվեն։ Ակադեմիայից բացի, ընկերությունն ամսական կտրվածքով հայերեն լեզվով կհրապարակի նյութեր Ամունդի ներդրումային ինստիտուտից՝ ընդգրկելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են աշխարհաքաղաքականությունը, մակրոտնտեսությունը և ֆինանսական շուկաները: Այս ռեսուրսները հասանելի կլինեն բոլորին՝ Ամունդի-Ակբայի պաշտոնական կայքում:
Ամունդի-Ակբա ակադեմիայի մեկնարկն արտացոլում է ֆրանս-հայկական ընկերության՝ կրթության միջոցով ուսանող-անհատներին հզորացնելու առաքելությունը, ինչպես նաև նպաստում է Հայաստանում ընդհանուր ֆինանսական էկոհամակարգի բարելավմանը, քանի որ իրազեկ ներդրողները նպաստում են ավելի ամուր և թափանցիկ ֆինանսական միջավայրի ձևավորմանը:
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ․–ին: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 517 մլրդ ՀՀ դրամ ակտիվ։
Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024թ․ հունիսի 30-ի դրությամբ ավելի քան 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 65 մասնաճյուղ։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: