Մեդիա կենտրոն

27.06.2024

Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացման մեծ ներուժ կա. Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ

26 հունիսի, 2024թ․ Երևանում անցկացվել է Էներգաարդյունավետ բնակարանաշինությանը նվիրված համաժողով:

Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը մասնակցել է «Հայաստանում էներգաարդյունավետ բնակարանների ֆինանսավորումը հանուն կայուն զարգացման. ինչպես կարող են տարբեր շահագրգիռ կողմերն ընդլայնել գործողությունների շրջանակը» թեմայով պանելային քննարկմանն ու խոսել Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացման հնարավորությունների մասին։  


«Բնակարանային ոլորտը Հայաստանի ամենախոշոր էներգիա սպառող ոլորտներից մեկն է, հետևաբար՝ դրա էներգաարդյունավետության բարձրացման ներուժը մեծ է, իսկ ֆինանսավորումը կարևոր դեր է խաղում։ Առաջիկա տարիներին նկատելի առաջընթաց գրանցելու համար պետք է որոշակի խնդիրներ լուծել։ Առաջին հերթին, կարևոր է ունենալ լավ համակարգված և կենտրոնացված քաղաքականություն, որն էական նշանակություն ունի էներգաարդյունավետության չափանիշների կիրառման և մոնիտորինգի, ինչպես նաև ոլորտի վերաբերյալ տվյալների հավաքագրման և որակի ապահովման համար։ Նշված տվյալների առկայությունը ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտա առավել պատշաճ կերպով գնահատել ոլորտում առկա ռիսկերը և հնարավորությունները, և մշակել համապատասխան թիրախային ֆինանսավորման գործիքներ։ 


Միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավումը նույնպես կարևոր է, քանի որ վերջիններս հաճախ տեխնիկական աջակցություն, ինչպես նաև ռիսկերի նվազեցման մեխանիզմներ են տրամադրում այդ գործընթացում։ Նույնքան կարևոր է տնային տնտեսությունների շրջանում էներգաարդյունավետության կարևորության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, որը կխթանի պահանջարկը էներգաարդյունավետ տեխնոլոգիաների նկատմամբ: Մարդիկ ճշգրիտ և մատչելի տեղեկատվության կարիք ունեն էներգաարդյունավետության երկարաժամկետ օգուտների և ֆինանսավորման տարբերակների վերաբերյալ, ինչպես նաև այն ծախսերի վերաբերյալ, որոնք վերջիններս կկրեն ոչինչ չանելու դեպքում», - նշել է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։


Հրայր Ասլանյանն անդրադարձել է նաև «կանաչ» պարտատոմսերի միջոցով կապիտալի շուկաները զարգացնելուն՝  նշելով, որ որոշ տեղական ընկերություններ արդեն մուտք են գործել կամ պատրաստվում են մուտք գործել «կանաչ» պարտատոմսերի շուկա: 

«Այս գործընթացն արագացնելու համար հարկավոր է համապատասխան կարգավորող դաշտ ստեղծել: Սա ներառում է հաշվետվությունների և տվյալների որակի հստակ և ներդաշնակեցված չափանիշների սահմանում: 

Կարևոր է նաև Կանաչ տաքսոնոմիայի մշակումը, որնը կօգնի ներդրողներին և այլ շահակիրներին հասկանալ, թե ինչ է նշանակում «կանաչ», և որտեղ նրանք պետք է կենտրոնացնեն իրենց ֆինանսական ռեսուրսները: 

Միջոցառմանը մասնակցել են նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու  ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտնիեն։


«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ․–ին: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2024թ․ մայիսի 31-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով ավելի քան 457 մլրդ ՀՀ դրամ ակտիվ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024թ․ մարտի 31-ի դրությամբ ավելի քան 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 65 մասնաճյուղ։




թարմացված է` 28.06.2024 | 07:19