Մեդիա կենտրոն
Ամունդի-Ակբան առաջին ուղղակի ներդրումն է կատարել հայաստանյան բաժնետոմսերում
20 հոկտեմբերի, 2023 թ․, Երևան․ «Ամունդի-Ակբա
Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունն իր կառավարման ներքո գտնվող Հավասարակշռված և Պահպանողական
կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից խոշոր ներդրում է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության
բաժնետոմսերում՝ առաջնային հրապարակային տեղաբաշխման
միջոցով։
Ընկերության ներդրումը կազմում է տեղաբաշխվող
բաժնետոմսերի ընդհանուր ծավալի 20%-ը, որը համարժեք է 1 միլիարդ 648 միլիոն ՀՀ դրամին։
Սա նախադեպ է հայաստանյան կուտակային կենսաթոշակային
ֆոնդերի շուրջ տասնամյա գործունեության մեջ, երբ ֆոնդերի միջոցներից ուղղակի ներդրում
է կատարվում տնտեսության իրական հատվածում՝ ձեռք բերելով հայկական ընկերության բաժնետոմսեր։
«Ամունդի-Ակբայի կողմից իրականացրած ներդրումը
ոչ միայն մեծացնում է կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների դիվերսիֆիկացիան, այլև հնարավորություն
է ընձեռում Հավասարակշռված և Պահպանողական ֆոնդերի շահառուներին դառնալ Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության անուղղակի բաժնետեր՝ օգտվելով վերջինիս զարգացման
հեռանկարներից։ Այս քայլով Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը
և կարող է լավ օրինակ հանդիսանալ այլ ընկերությունների համար»,- նշել է Ամունդի-Ակբայի
գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։
Բարձր գնահատելով Ամունդի-Ակբայի ներդրումը
հայկական ընկերությունում՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել
է․ «Ամունդի-Ակբայի
այս քայլով ֆոնդի մոտ 400 հազար շահառու անուղղակի կերպով դառնում է մեր ընկերության
բաժնետեր։ Նման խոշոր միջազգային ֆինանսական կառույցի ներդրումը ցուցիչ է, որ մենք
շարժվում ենք ճիշտ ուղեգծով և մեր երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը մշակված են տեխնոլոգիական
ոլորտի զարգացմանը համապատասխան։ Շնորհակալ եմ մեր թիմի հանդեպ ունեցած վստահության համար»։
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային
հրապարակային տեղաբաշխումն իրականացվելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխողն
է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը
կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2023թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ
377 մլրդ դրամ ակտիվներ։
Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի
առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2023թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ շուրջ 2 տրիլիոն
եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական
հաստատություններից, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 65 մասնաճյուղ։
Տլեկոմ Արմենիա ԲԲԸ
Team Telecom Armenia-ն տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի,
թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունն
առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։
Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը
ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը.
2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ
25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի
որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին։
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն
է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում
են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել
դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող
ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: