
Ֆինանսական շուկաներում գների փոփոխություններն անխուսափելի են։ Որոշակի ժամանակահատվածում այդ փոփոխությունները կարող են լինել փոքր և աստիճանական, իսկ այլ դեպքերում՝ կտրուկ և անկանխատեսելի։ Այս երևույթը ֆինանսական աշխարհում բնութագրվում է տատանողականություն (Volatility) հասկացությամբ։
Տատանողականությունը ցույց է տալիս արժեթղթի կամ ակտիվի գնի փոփոխությունն որոշակի ժամանակահատվածում՝ օգնելով հասկանալ ակտիվի անկայուն կամ կայուն լինելը։
Եթե ակտիվի գինը կարճաժամկետում կտրուկ աճում կամ նվազում է, ապա այն բնութագրվում է բարձր տատանողականությամբ, իսկ ավելի դանդաղ և փոքր գնային փոփոխությունները՝ ցածր տատանողականությամբ։
Վիճակագրական տեսանկյունից տատանողականությունը հաշվարկվում է որպես տվյալ ակտիվի գնի ստանդարտ շեղում։ Պարզ ասած՝ որքան մեծ են գների շեղումները միջին արժեքից, այնքան բարձր է տատանողականությունը։
Տատանողականությունը կարևոր դեր է խաղում ներդրումային որոշումների կայացման գործընթացում, քանի որ այն ուղղակիորեն կապված է ռիսկի, շուկայի անորոշության և հնարավոր եկամտաբերության հետ։
Տատանողականությունը՝ որպես ռիսկի ցուցանիշ
Տատանողականությունը հաճախ օգտագործվում է որպես ռիսկի գնահատման ցուցանիշ։ Բարձր տատանողականությունը նշանակում է ռիսկի բարձր մակարդակ, ինչն ավելացնում է կորուստների հավանականությունը։
Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, որ տատանողականությունը ինքնին չի նշանակում կորուստ։ Այն պարզապես ցույց է տալիս գների փոփոխության աստիճանը և շուկայի անորոշության մակարդակը։
- Բարձր տատանողականություն
Բնորոշ է ակտիվներին, որոնց գները կտրուկ են փոփոխվում։ Հաճախ ուղեկցվում է բարձր ռիսկով, բայց կարող է պոտենցիալ եկամտաբերության հնարավորություն ստեղծել։
- Ցածր տատանողականություն
Բնորոշ է ավելի կայուն ակտիվներին, որտեղ գների փոփոխությունները դանդաղ են և կանխատեսելի։ Սովորաբար նախընտրելի է պահպանողական ներդրողների համար։
Ի՞նչ գործոններ են ազդում տատանողականության վրա
Տատանողականության մակարդակը ձևավորվում է տարբեր մակրո և միկրո գործոնների ազդեցությամբ։
1. Քաղաքական և մակրոտնտեսական գործոններ
Տոկոսադրույքների փոփոխություն, գնաճի մակարդակ, տնտեսական աճի մակարդակ, քաղաքական անորոշություն և աշխարհաքաղաքական լարվածություն։
2. Ոլորտային և շուկայական գործոններ
Տեխնոլոգիական նորարարություններ, ոլորտային պահանջարկի փոփոխություն, նոր կանոնակարգերի ընդունում կամ հարկային փոփոխություններ։
3. Ընկերության հետ կապված գործոններ
Ֆինանսական հաշվետվությունների, շահույթի կամ վնասների հրապարակում, ղեկավարության փոփոխություն, միաձուլումներ և ձեռքբերումներ։
Այս գործոնների ցանկացած փոփոխություն կարող է ազդել ներդրողների սպասումների վրա և բարձրացնել կամ նվազեցնել տատանողականությունը։
Տատանողականության դերը ներդրումային ռազմավարություններում
Երկարաժամկետ նպատակ ունեցող ներդրողների համար բարձր տատանողականության փուլերը կարող են լինել հոգեբանորեն բարդ, քանի որ ակտիվների արժեքը կարող է ժամանակ առ ժամանակ նվազել և բարձրանալ։ Սակայն պատմական տվյալները ցույց են տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում շուկաները հակված են աճի, և կարճաժամկետ բացասական տատանումներից հետո շուկաները հաճախ վերականգնվում են։
Կարճաժամկետ ներդրողների և թրեյդերների համար տատատանողականությունը կարևոր գործիք է, քանի որ գների արագ շարժերը կարող են ստեղծել առևտրային հնարավորություններ։
Տատանողականությունը ֆինանսական շուկաների բնական և անբաժանելի բաղադրիչն է։ Այն օգնում է ներդրողներին գնահատել շուկայի ռիսկերը, հասկանալ գների դինամիկան և ձևավորել ներդրումային ռազմավարություն՝ համապատասխան իրենց նպատակներին և ռիսկի հանդուրժողականությանը։
Տատանողականության ճիշտ ընկալումը ներդրողին հնարավորություն է տալիս խուսափել հուզական որոշումներից և գործել ավելի գիտակցված։