
Բաժնեմասը կամ բաժնետոմսը ընկերության կապիտալի մի մասն է: Ձեռք բերելով բաժնետոմս՝ բաժնետերը (ներդրողը) դառնում է ընկերության կապիտալի մի մասի սեփականատերը: Այն բաժնետիրոջը իրավունք է տալիս ստանալ շահաբաժին և կախված բաժնետոմսի տեսակից՝ քվեարկելու իրավունք։
Շահաբաժինը (դիվիդենտ) զուտ շահույթի մի մասն է, որը բաշխվում է բաժնետերերի միջև։ Այն տարբեր է՝ կախված ընկերության եկամուտներից։
Քվեարկելու իրավունքը ներդրողին հնարավորություն է տալիս մասնակցել ընկերության կարևոր որոշումներին։ Հետևապես, ինչքան մեծ է ներդրողի բաժնեմասը, այնքան նրա քվեարկության ազդեցությունն ավելին է ընկերության որոշումների կայացման մեջ։
Որո՞նք են բաժնետոմսերի առանձնահատկությունները
Բաժնետոմսերին բնորոշ են․
- Պոտենցիալ բարձր եկամտաբերություն և ռիսկայնություն
- Երկարաժամկետ ներդրումային հորիզոն
Ստացվում է՝ բաժնետոմսերը կարող են ապահովել ավելի բարձր եկամտաբերություն, քան ակտիվների այլ դասերը՝ հնարավոր բարձր ռիսկի դիմաց։ Հետևաբար, դրանք հատկապես հարմար են այն ներդրողների համար, ովքեր ունեն բարձր ռիսկի հանդուրժողականություն, ներդրումային երկարաժամկետ հորիզոն և ձգտում են բարձր եկամտաբերության։
Ինչպես պարտատոմսերը, այնպես էլ բաժնետոմսերը բաժնետերերին ապահովում են եկամուտ հետևյալ տեսքով.
1․ Արժեքի հավելաճ
Բաժնետոմսի գինը ժամանակի ընթացքում փոխվում և անընդհատ վերահաշվարկվում է։ Դրա գինը* սահմանվում է բաժնետոմսի շուկայում վաճառքի և ձեռքբերման գնի տարբերության, ինչպես նաև ընկերության եկամուտների և նույն ոլորտի այլ ընկերությունների համեմատ ֆինանսական ցուցանիշների հիման վրա։ Սովորաբար երբ ընկերությունը հայտարարում է շատ լավ ֆինանսական արդյունքների մասին, ապա ներդրողները ցանկանում են գնել այդ ընկերության բաժնետոմսերը: Պահանջարկի աճը պատճառ է դառնում, որ բաժնետոմսի գինը բորսայում աճի:
Բացի ֆինանսական ցուցանիշներից, գնի վրա ազդում են նաև այլ գործոններ, ներառյալ ընդհանուր շուկայական տրամադրությունը, տնտեսական պայմանները և նույնիսկ լուրերը կամ ենթադրությունները։
*Բաժնետոմսի գնի մասին մանրամասն կներկայացվի հաջորդ հարցում
2․ Պոտենցիալ եկամուտ
Այս եկամուտը բաժնետերը ստանում է շահաբաժնի տեսքով, որը վճարվում է ընկերության զուտ շահույթից՝ որոշակի չափաբաժնով։ Շահաբաժինները սովորաբար վճարվում են եռամսյակը մեկ, որի չափը որոշվում է տնօրենների խորհրդի կողմից՝ ընկերության եկամուտների հիման վրա։ Կան ընկերություններ, որոնք չեն վճարում շահաբաժիններ և փոխարենը դրանք վերաներդրում են ընկերության մեջ։
Բաժնետոմսերի տեսակները
Բաժնետոմսերը հիմնականում լինում են ․
- Հասարակ
Հասարակ կամ սովորական բաժնետոմսերը նրա սեփականատիրոջը տալիս է բաժնետոմսերին բնորոշ բոլոր իրավունքները, այդ թվում՝ ընկերության որոշումների կայացման, շահաբաժին ստանալու և այլ իրավունքներ։
- Արտոնյալ
Արտոնյալ բաժնետոմսերը նրա սեփականատիրոջը բաժնետերերի ժողովում ձայնի իրավունք չի տալիս, այսինքն՝ բաժնետերը չի կարող մասնակցել ընկերության կառավարման որոշումների կայացմանը։ Միևնույն ժամանակարտոնյալ բաժնետոմսի սեփականտերը ավելի մեծ իրավունքներ ունի ակտիվների և շահույթի նկատմամբ, քան հասարակ բաժնետոմսի ձեռքբերման դեպքում: Օրինակ, արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ստանում են դիվիդենտներ նախքան սովորական բաժնետերերը և ունեն առաջնահերթություն սնանկության կամ լուծարման դեպքում:
Բաժնետոմսերը տարբերակվում են նաև ըստ ֆոնդային բորսաներում շրջանառման։
- Ցուցակված բաժնետոմսեր
Յուրաքանչյուր ցուցակված ընկերություն ունի որոշակի սահմանված թվով բաժնետոմսեր, որոնք շրջանառվում՝ գնվում և վաճառվում են ֆոնդային բորսայում։ Զարգացած կապիտալի շուկաներ ունեցող երկրներում բաժնետոմսի գինը բորսայի աշխատանքային ժամերի ընթացքում անընդհատ վերահաշվարկվում է և փոխվում է ըստ առաջարկի և պահանջարկի:
- Մասնավոր ներդրումային կապիտալ
Մասնավոր կապիտալը ներդրումն է այնպիսի ընկերություններում, որոնք չեն շրջանառվում ֆոնդային բորսայում, փոխարենը դա կատարվում է ընկերության միջոցով արտաբորսայական եղանակով։ Այստեղ ներդրումներից ակնկալում են ավելի բարձր եկամտաբերություն, քան ֆոնդային բորսաներում գործարքներից։ Այս դեպքում դժվարանում է կապիտալի ձեռքբերումը և գնի որոշումը՝ վարկանիշի և կանոնավոր առուվաճառքի բացակայության պատճառով: Գնահատման համար հաճախ դիմում են մասնագետների, ովքեր ուսումնասիրում են ընկերության ֆինանսական հաշվետվությունները և համեմատում նմանատիպ ընկերությունների հետ: