Մեդիա կենտրոն

04.02.2025

Անկանոն և ռիսկային միջավայր. 2025-ի գլոբալ տնտեսությունը Դիդիե Բորովսկու հայացքով

Երևան, 30 հունվարի, 2025թ․ 

«Մենք ապրում ենք նոր աշխարհում, որտեղ անորոշությունն ավելի բարձր է, քան երբևէ: Սակայն հենց այս անորոշությունն է բացում նոր հնարավորություններ»,- այս խոսքերով է սկսել իր ելույթն Ամունդի Ներդրումային ինստիտուտի մակրո քաղաքականության հետազոտությունների ղեկավար Դիդիե Բորովսկին Երևանում հունվարի 30-ին տեղի ունեցած «Ամունդի ներդրումային հեռանկարներ 2025 թ.» խորագրով համաժողովին՝ ներկայացնելով 2025 թվականի համաշխարհային տնտեսության հեռանկարները: 


Փորձառու վերլուծաբանը կանխատեսում է, որ առաջիկա տարին կբնութագրվի տնտեսական աճի և գնաճի տարամիտվող միտումներով՝ ստեղծելով ինչպես մարտահրավերներ, այնպես էլ եզակի հնարավորություններ ներդրողների համար:


Տնտեսական աճ և համակարգային մարտահրավերներ


Համաշխարհային տնտեսությունը վերջին տարիներին ցուցաբերել է նշանակալի դիմացկունություն: «Հատկապես տպավորիչ է ԱՄՆ տնտեսության վարքագիծը»,- նշում է Բորովսկին,- «որտեղ տնտեսական աճը հասել է մոտ 3%-ի՝ գերազանցելով բոլոր կանխատեսումները»: Ըստ փորձագետի, սա առավել ուշագրավ է՝ հաշվի առնելով վերջին 18 ամիսների ընթացքում դրամավարկային քաղաքականության էական խստացումը:


Գլոբալ միտումների համատեքստում նա հատուկ շեշտեց համաշխարահային տնտեսության գլխավոր խաղացողի` ԱՄՆ-ի դերը, որը Դոլանլդ Թրամփի նախագահի պաշտոնին վերադարձից հետո դարձել է անորոշ: Ըստ այդմ նա հատուկ ուշադրություն է դարձնում Դոնալդ Թրամփի առաջարկվող քաղաքականությունների հնարավոր ազդեցություններին: 


«Թրամփի՝ ապօրինի միգրանտների զանգվածային արտաքսման քաղաքականությունը և նոր մաքսատուրքերի սահմանումը կարող են էական գնաճային ճնշումներ առաջացնել»,- նշում է Բորովսկին: «Աշխատաշուկայի սահմանափակումները կարող են հանգեցնել աշխատավարձերի աճի որոշ հատվածներում, իսկ մաքսատուրքերը մեխանիկորեն կբարձրացնեն սպառողական գները»:


Բորովսկին նշում է, որ հատկապես մտահոգիչ է այն, որ այս քաղաքականությունները առաջարկվում են այն պայմաններում, երբ ԱՄՆ տնտեսությունն արդեն իսկ գործում է լիարժեք զբաղվածության մակարդակում: 


«Երբ դիտարկում ենք հարկաբյուջետային քաղաքականությունը լիարժեք զբաղվածության պայմաններում, գնաճային ռիսկերը միանշանակ վերընթաց են», - նկատում է փորձագետը` նշելով, որ ներյակումս ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը սպասողական վիճակում է: Իսկ ԱՄՆ տնտեսությունը, նրա կանխատեսմամբ, չի կարող երկար պահպանել բարձր տնտեսական աճի միտումները, քանի որ այդ երկրի աճի պոտենցիալը 2% է: 


Թրամփի առևտրային քաղաքականության վերաբերյալ փորձագետը նկատում է նրա յուրահատուկ մոտեցումը: «Թրամփը շատ գործարքային մարդ է: Արտաքին և տնտեսական քաղաքականությունները նրա մոտ սերտորեն փոխկապակցված են: Օրինակ՝ Կոլումբիայի դեպքում նա սպառնաց սակագներով, սակայն երբ Կոլումբիան համաձայնեց ընդունել որոշ միգրանտների, սակագների սպառնալիքը վերացավ»:


Եվրոպայի նկատմամբ Թրամփի քաղաքականության մասին Բորովսկին ունի հատուկ դիտարկում. «Թեև Թրամփը քիչ է խոսում Եվրոպայի մասին՝ ի տարբերություն Կանադայի և Մեքսիկայի, սա չի նշանակում, որ նա չունի պլաններ: Նրա հիմնական նպատակն է, որ եվրոպացիները ավելացնեն պաշտպանության ծախսերը՝ ներկայիս 2%-ից հասցնելով մինչև 5%, և ավելացնեն ԱՄՆ-ից ներմուծումը»:


Սակայն փորձագետը նաև նշում է, որ «Թրամփ 2.0-ն» տարբերվում է նախորդից: «Նա այս անգամ ավելի պատրաստված է, քան առաջին նախագահական ժամկետում: Նրա թիմի ընտրությունը, օրինակ՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի նշանակումը, որը խորոշ ներդրող է, գլոբալիստ և պրոտեկցիոնիզմի հակառակորդ, վկայում է, որ նա նախատեսում է ավելի զգուշավոր և աստիճանական մոտեցում սակագնային քաղաքականության հարցում»:


Եվրոպական մարտահրավերներ և էներգետիկ անցում


«Եվրոպական տնտեսությունը, ցավոք, շարունակում է հիասթափեցնել»,- նկատում է Բորովսկին: Նրա գնահատմամբ, տարածաշրջանում առկա են մի շարք համակարգային խնդիրներ՝ մրցունակության պակաս, արտադրողականության ցածր մակարդակ և մասնավոր ներդրումների անբավարար ծավալ:

Էներգետիկ անցման գործընթացները նույնպես կարող են գնաճային ճնշումներ առաջացնել: «Սա հատկապես կարևոր է Եվրոպայի համար, որտեղ արդեն իսկ վերականգնվող էներգիայի մասնաբաժինն էներգետիկ համակարգում գերազանցում է ածխի մասնաբաժինը»,- նշում է փորձագետը: «Սա ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անկախության տեսանկյունից»:


Այնուամենայնիվ, Բորովսկին նկատում է նաև դրական միտումներ: «Եվրոպայի փոքր տնտեսությունները, ինչպիսիք են Իսպանիան, Պորտուգալիան, Իռլանդիան և Հունաստանը, ցուցաբերում են տպավորիչ աճ՝ 2%-ից մինչև 4%: Եթե դիտարկենք Եվրագոտին ամբողջությամբ, այս փոքր տնտեսությունների համախառն կշիռը համարժեք է Գերմանիայի տնտեսության չափին»:


Գերմանիայի վերաբերյալ փորձագետը հատուկ ուշադրություն է դարձնում 2025 թվականի փետրվարին նախատեսված ընտրություններին: «Սա խիստ կարևոր է Գերմանիայի և ողջ Եվրոպայի համար: Գերմանացիները պետք է վերափոխեն իրենց տնտեսական մոդելը՝ հաշվի առնելով էներգետիկ անվտանգության խնդիրները և Չինաստանից ունեցած կախվածությունը»:


Բորովսկին հատուկ ընդգծում է Եվրոպական բանկային համակարգի դերը: «Եվրոպական բանկերը գտնվում են բարենպաստ դիրքում՝ շնորհիվ տոկոսադրույքների ներկայիս մակարդակի և կարգավորող միջավայրի: Նրանք ավելի քիչ են ենթարկված գլոբալ առևտրային լարվածությունների ազդեցությանը և կարող են օգտվել տեղական շուկաների աճից»:




Ռուսաստանի տնտեսություն


Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ Բորովսկին ներկայացնում է կարճաժամկետ և երկարաժամկեր տարամիտվող սցենարներ: «Ռուսաստանը վերածվել է պատերազմական տնտեսության, որտեղ ՀՆԱ-ի 6%-ն ուղղվում է պաշտպանության ոլորտին, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է», - նշում է փորձագետը: «Համեմատության համար՝ Եվրոպայում այս ցուցանիշը հազիվ է հասնում 2%-ի»:


«Զարմանալի է, բայց չնայած պատժամիջոցներին, տնտեսական աճը գերազանցել է սպասումները», - շարունակում է Բորովսկին: «Սա հիմնականում պայմանավորված է Չինաստանի հետ առևտրային կապերի ամրապնդմամբ: Ռուսաստանը կարողացել է վերակողմնորոշել իր էներգետիկ արտահանումը դեպի Չինաստան և Հնդկաստան»:


Այնուամենայնիվ, փորձագետը նշում է մի շարք երկարաժամկետ մարտահրավերներ: «Ռուսաստանի տնտեսությունը կանգնած է լուրջ կառուցվածքային խնդիրների առջև: Ժողովրդագրական բացասական միտումները, միջազգային ներդրումների սահմանափակ հասանելիությունը և տեխնոլոգիական մեկուսացումն էականորեն սահմանափակում են երկարաժամկետ աճի ներուժը»:


«Առանց պաշտպանական ծախսերի հաշվառման, Ռուսաստանի պոտենցիալ աճը հաջորդ տասնամյակում կլինի զգալի ճնշման տակ», - կանխատեսում է Բորովսկին: «Խնդիրն այն է, որ Ռուսաստանի համար դժվար կլինի գրավիչ դարձնել ներդրումները ոչ պաշտպանական ոլորտներում»:


Միջազգային հարաբերությունների համատեքստում փորձագետը նշում է. «Նույնիսկ եթե հաջողվի (Ռուսաստանին - խմբ.) հասնել համաձայնության Ուկրաինայի հետ, արևմտյան տնտեսությունները պետք է արագ վերանայեն Ռուսաստանի հետ հարաբերությունների սցենարը: Հակառակ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի շարունակել ռազմական ծախսերի ավելացումը՝ որպես տնտեսական ակտիվությունը պահպանելու միակ միջոց»:


«Սա մտահոգիչ շրջան է ստեղծում», - եզրափակում է Բորովսկին: «Եվրոպական երկրները իրենց հերթին ստիպված կլինեն ավելացնել պաշտպանական ծախսերը՝ մոտակա տասնամյակում Եվրոպայում խաղաղությունը պահպանելու համար: Սա նոր աշխարհակարգ է, որին բոլորը պետք է հարմարվեն»:


Զարգացող շուկաներ և տեխնոլոգիական փոփոխություններ


Զարգացող շուկաների վերլուծությունում հետազոտողը առանձնացնում է հակադիր միտումներ: «Հնդկաստանը ցուցաբերում է տպավորիչ աճի ներուժ՝ մոտ 6%, մինչդեռ Չինաստանում նկատվում է աճի տեմպի էական դանդաղում՝ մինչև 3%»,- բացատրում է նա՝ ավելացնելով, որ Չինաստանում առկա են դեֆլյացիոն ճնշումներ և անշարժ գույքի ոլորտի լուրջ խնդիրներ:


«Գնաճի բնույթը փոխվել է»,- նկատում է Բորովսկին: «Եթե նախկինում գնաճը հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների և էներգակիրների գների աճով, ապա այժմ գնաճի հիմնական շարժիչ ուժը ծառայությունների ոլորտն է»: Նա կանխատեսում է, որ կենտրոնական բանկերը այլևս չեն վերադառնա շատ ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը` շատ հաճախ որդեգրելով ավելի սպասողական վարքագիծ, որը փորաևձագետը բնութագրեց «սպասենք, տեսնենք» արտահայտությամբ:


Տեխնոլոգիական զարգացումների մասին խոսելիս Բորովսկին առանձնակի ուշադրություն է դարձնում արհեստական բանականությանը: «Առաջիկա 5 տարիների ընթացքում այն կարող է էական դրական ազդեցություն ունենալ արտադրողականության վրա, սակայն չպետք է թերագնահատել մարդկային գործոնի դերը»:


Եզրահանգում


Ամփոփելով իր վերլուծությունը՝ Բորովսկին նշում է, որ չնայած շուկայական անկայունություններին, գլոբալ ներդրումային լանդշաֆտը առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ՝ սկսած զարգացող Ասիական շուկաներից մինչև կայուն զարգացման երկարաժամկետ ներդրումային թեմաները: 


Հատկապես խոստումնալից են համարվում ֆիքսված եկամտով գործիքները, փոքր կապիտալիզացիայով ընկերությունները և ֆինանսական հաստատությունները, սակայն փորձագետը կարևորում է ակտիվների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը երկարաժամկետ կայուն աճ ապահովելու համար: «Անորոշության բարձր մակարդակը պահանջում է զգուշավոր և ակտիվ կառավարման մոտեցում, սակայն ճիշտ ռազմավարության դեպքում ներկայիս մարտահրավերները կարող են վերածվել նշանակալի հնարավորությունների»,- եզրափակում է Բորովսկին:

թարմացված է` 04.02.2025 | 14:33