Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն
01.07.2026
Շուկայական փուլեր․ «Ցուլի» և «արջի» շուկա

Ֆինանսական շուկաները երբեք ուղիղ գծով չեն շարժվում։  Դրանք ունենում են վերելքների և անկումների ժամանակահատվածներ։ Ֆինանսական շուկաների շարժը ձևավորվում է տարբեր գործոնների ազդեցությամբ, ինչպես են ներդրողների վստահությունը, տնտեսական աճը, դրական սպասումները կամ անորոշությունը։


Շուկայական աճի կամ անկման պայմանները հայտնի են որպես «ցուլի» շուկա և «արջի» շուկա։ 


Որո՞նք են ցուլի և արջի շուկաները


Ցուլի շուկան այն ժամանակահատվածն է, երբ ակտիվների գները հիմնականում աճում են։ Այն սովորաբար ուղեկցվում է ներդրողների լավատեսությամբ, տնտեսական ակտիվությամբ, ընկերությունների ֆինանսական արդյունքների բարելավմամբ և շուկայի նկատմամբ վստահության աճով։


Արջի շուկան այն ժամանակահատվածն է, երբ ակտիվների գները հիմնականում նվազում են։ Այն հաճախ կապված է հոռետեսության, տնտեսական դանդաղման, անորոշության կամ ներդրողների վստահության անկման հետ։ 


Ֆոնդային շուկաներում ցուլի շուկա է համարվում այն իրավիճակը, երբ գները վերջին նվազագույն մակարդակից բարձրանում են առնվազն 20%-ով, իսկ արջի շուկա է համարվում այն իրավիճակը, երբ գները վերջին առավելագույն մակարդակից նվազում են առնվազն 20%-ով։


Չնայած այս տերմինները հիմնականում օգտագործվում են բաժնետոմսերի շուկայի համար, դրանք կարող են վերաբերվել նաև պարտատոմսերին, անշարժ գույքին, հումքային ապրանքներին, կրիպտոակտիվներին կամ առանձին ոլորտներին։


Ինչո՞ւ են դրանք կոչվում «ցուլի» և «արջի» շուկաներ


Ամենատարածված բացատրությունը կապված է այն բանի հետ, թե ինչպես են այս կենդանիները հարձակվում։


Ցուլն իր եղջյուրներով հարվածում է դեպի վեր, ինչը խորհրդանշում է աճող շուկան։


Արջը թաթերով հարվածում է դեպի ներքև, ինչը խորհրդանշում է նվազող շուկան։


Ժամանակի ընթացքում ցուլն ու արջը դարձել են շուկայի ուղղությունը և ներդրողների տրամադրությունը նկարագրող խորհրդանիշներ։


Շուկայական ցիկլերը


Շուկաները զարգանում են ցիկլերով։ Դրանք կարող են աճել, հասնել բարձր մակարդակների, նվազել, ապա կրկին սկսել վերականգնվել։ Ցուլի և արջի շուկաները սերտորեն կապված են տնտեսական պարբերաշրջանի հետ։ Սակայն կարևոր է հիշել, որ շուկայական ցիկլերը միշտ չէ, որ լիովին համընկնում են տնտեսական ցիկլերի հետ։ Շուկաները հաճախ արձագանքում են ոչ միայն ներկա իրավիճակին, այլ նաև ապագայի վերաբերյալ սպասումներին։ Տիպիկ շուկայական ցիկլը ներառում է հետևյալ փուլերը.


1. Կուտակման փուլ

Այս փուլը սկսվում է շուկայի անկումից հետո։ Գները կարող են լինել համեմատաբար ցածր մակարդակներում, բայց շատ ներդրողներ դեռ զգուշավոր են։


Շուկայում դեռ պահպանվում է անորոշությունը, քանի որ ոչ բոլորն են վստահ, որ անկումն ավարտվել է։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ կամ ավելի փորձառու ներդրողները կարող են սկսել աստիճանաբար գնել ակտիվներ՝ ակնկալելով ապագա վերականգնում։


Այս փուլը հաճախ դժվար է ճանաչել իրական ժամանակում, քանի որ շուկայի տրամադրությունը դեռ թույլ է, իսկ լավատեսությունը՝ սահմանափակ։


2. Աճի փուլ

Աճի փուլում շուկայական վստահությունը սկսում է վերադառնալ։ Գները բարձրանում են ավելի կայուն տեմպերով, ընկերությունների ֆինանսական արդյունքները կարող են բարելավվել, իսկ ներդրողները դառնում են ավելի ակտիվ։


Այս փուլում շուկա են մտնում ավելի շատ մասնակիցներ։ Լավատեսությունը մեծանում է, իսկ ռիսկի նկատմամբ հետաքրքրությունը՝ աճում։ Աճի փուլը հիմնականում կապված է ցուլի շուկայի հետ։


Ցուլի շուկաների ժամանակ ներդրողները հաճախ հավատում են, որ դրական միտումները կշարունակվեն։ Սակայն հենց այս փուլում էլ կարևոր է պահպանել կարգապահությունը և չկայացնել որոշումներ միայն ընդհանուր ոգևորության հիման վրա։


3. Բաշխման փուլ

Բաշխման փուլում շուկան արդեն հասել է բարձր մակարդակների։ Լավատեսությունը ուժեղ է, ներդրողների ակտիվությունը մեծ է, իսկ գների հետագա աճի նկատմամբ սպասումները կարող են լինել չափազանց բարձր։


Այս փուլում որոշ ներդրողներ սկսում են ֆիքսել շահույթը կամ նվազեցնել իրենց դիրքերը։ Միևնույն ժամանակ, շուկայի այլ մասնակիցներ կարող են շարունակել գնել՝ հավատալով, որ աճը դեռ երկար կշարունակվի։


Բաշխման փուլը կարող է լինել խաբուսիկ, քանի որ շուկան դեռ կարող է թվալ ուժեղ։ Սակայն ակտիվների չափազանց բարձր գնահատումները և չափից ավելի լավատեսությունը կարող են մեծացնել ռիսկերը։


4. Նվազման փուլ

Նվազման փուլում գները սկսում են ընկնել։ Ներդրողների վստահությունը թուլանում է, իսկ շուկայում կարող են գերակշռել վախը, անորոշությունը և հոռետեսությունը։


Այս փուլը հիմնականում կապված է արջի շուկայի հետ։ Ներդրողները կարող են խուճապի մատնվել, վաճառել ակտիվները կամ ժամանակավորապես հեռանալ շուկայից։


Սակայն նվազման փուլերը նույնպես շուկայական ցիկլերի բնական մաս են։ Դրանք կարող են դժվար լինել հոգեբանական տեսանկյունից, բայց երկարաժամկետ ներդրողների համար երբեմն կարող են ստեղծել նոր հնարավորություններ։


Ներդրողների հոգեբանությունը․ վախ և ագահություն


Շուկայական ցիկլերը պայմանավորված են ոչ միայն տնտեսական ցուցանիշներով, այլև ներդրողների վարքագծով և հոգեբանությամբ։


Ցուլի շուկաների ժամանակ ագահությունն ու լավատեսությունը կարող են գները բարձրացնել։ Ներդրողները ավելի հակված են ռիսկի և հաճախ հավատում են, որ գները շարունակելու են աճել։


Արջի շուկաների ժամանակ հակառակն է տեղի ունենում։ Վախն ու հոռետեսությունը կարող են գները նվազեցնել։ Ներդրողները կարող են խուճապի մատնվել, վաճառել ակտիվները կամ ընդհանրապես հեռանալ շուկայից։


Հաջող ներդրում կատարելու համար կարևոր է կառավարել զգացմունքները։ Միայն վախի կամ ոգևորության հիման վրա որոշումներ կայացնելը կարող է վնասել երկարաժամկետ արդյունքները։


Շուկայի «ճիշտ պահի ընտրությունը» ցուլի և արջի շուկաներում


Շուկայի ճիշտ պահի ընտրությունը նշանակում է փորձել որոշել, թե երբ է լավագույն պահը գնելու, վաճառելու կամ շուկայում մնալու համար՝ շուկայի հետագա շարժը կանխատեսելու հիման վրա։ 


Ցուլի շուկայում ներդրողները սովորաբար փորձում են հնարավորինս շուտ գնել ակտիվներ, օգտվել գների բարձրացումից և վաճառել մինչև շուկան հասնի իր գագաթնակետին։ Խնդիրն այն է, որ շատ դժվար է հասկանալ, թե աճը երբ կավարտվի։ Եթե ներդրողը շուկայից դուրս գա շատ շուտ, նա կարող է բաց թողնել հետագա շահույթները։


Արջի շուկայում նպատակն ավելի հաճախ լինում է խուսափել մեծ կորուստներից և շուկա վերադառնալ այն ժամանակ, երբ գները մոտ են հատակին։ Սակայն արջի շուկաներում անկումները հաճախ ուղեկցվում են բարձր անկայունությամբ, և շուկայի հատակը որոշելը գրեթե միշտ դժվար է։ Եթե ներդրողը շատ երկար սպասի, կարող է բաց թողնել վերականգնման առաջին և հաճախ ամենաուժեղ փուլը։


Ինչո՞ւ է շուկայի ճիշտ պահ գտնելը դժվար


Շատ ներդրողներ փորձում են կանխատեսել շուկայի ճշգրիտ գագաթնակետը կամ հատակը, բայց դա գործնականում չափազանց դժվար է։ Շուկաները միաժամանակ արձագանքում են տնտեսական տվյալներին, տոկոսադրույքներին, ընկերությունների շահույթներին, քաղաքական և գլոբալ իրադարձություններին, ինչպես նաև ներդրողների սպասումներին ու տրամադրությանը։ Այս բոլոր գործոնները կարող են արագ փոխվել և շուկայի շարժը դարձնել անկանխատեսելի։


Նույնիսկ փորձառու և պրոֆեսիոնալ ներդրողները միշտ չէ, որ կարողանում են ճիշտ որոշել՝ երբ պետք է մտնել կամ դուրս գալ շուկայից։ Այդ պատճառով շատ ֆինանսական խորհրդատուներ խորհուրդ են տալիս չկենտրոնանալ կատարյալ ճիշտ պահը գտնելու վրա, այլ պահպանել երկարաժամկետ մոտեցում, մնալ շուկայում, դիվերսիֆիկացնել պորտֆելը և ներդրումները կատարել կարգապահ ձևով։


Ներդրումային սկզբունքներ բոլոր շուկաների համար


Անկախ նրանից՝ շուկան աճում է, թե նվազում, ներդրողները պետք է պետք է հիմնվեն հստակ սկզբունքների վրա։ Շուկայի ուղղությունը հնարավոր չէ միշտ ճշգրիտ կանխատեսել, բայց հնարավոր է ունենալ կարգապահ և երկարաժամկետ մոտեցում։


Դիվերսիֆիկացիա

Դիվերսիֆիկացիան նշանակում է ներդրումները բաշխել տարբեր ակտիվների, ոլորտների և տարածաշրջանների միջև։ Սա կարող է օգնել նվազեցնել ռիսկերը, քանի որ տարբեր ակտիվներ միշտ չէ, որ նույն կերպ են արձագանքում շուկայական փոփոխություններին։


Երկարաժամկետ մտածողություն

Կարճաժամկետ շուկայական տատանումները դժվար է կանխատեսել։ Երկարաժամկետ ներդրողները պետք է կենտրոնանան իրենց ֆինանսական նպատակների, ներդրումային հորիզոնի և ընդհանուր ռազմավարության վրա։


Պորտֆելի պարբերաբար վերանայում

Ժամանակի ընթացքում պորտֆելի կառուցվածքը կարող է փոխվել, քանի որ տարբեր ակտիվներ տարբեր տեմպերով են աճում կամ նվազում։ Պորտֆելի պարբերաբար վերանայումը և անհրաժեշտության դեպքում վերակշռումը օգնում են պահպանել ռիսկի նախապես ընտրված մակարդակը, ինչպես նաև խուսափել մեկ ակտիվի կամ ոլորտի նկատմամբ չափազանց մեծ կախվածությունից։ 


Զգացմունքային որոշումներից խուսափում

Արջի շուկայի ժամանակ խուճապային վաճառքը կամ ցուլի շուկայի ժամանակ եկամտաբերության հետևից վազելը կարող են վնասել ներդրումային արդյունքները։ Շուկաներում կարգապահությունը նույնքան կարևոր է, որքան ճիշտ ակտիվ ընտրելը։


Ներդրումային պլանավորում

Ուժեղ ներդրումային պլանը պետք է ներառի ներդրողի նպատակները, ռիսկի հանդուրժողականությունը, ներդրումային հորիզոնը և ակտիվների բաշխումը։ Այն օգնում է ներդրողին պահպանել կարգապահությունը թե՛ աճող, թե՛ նվազող շուկաներում։


Այսպիսով՝ 

Ցուլի և արջի շուկաները ներդրումային գործընթացի բնական մաս են։ Ցուլի շուկաները բերում են աճ, լավատեսություն և գների բարձրացում։ Արջի շուկաները բերում են անորոշություն, գների անկում և հոգեբանական ճնշում։


Բայց ոչ մի շուկայական պայման հավերժ չի տևում։


Ներդրողի նպատակը ամեն շարժում կատարյալ կանխատեսելը չէ։ Նպատակը շուկայական ցիկլերը հասկանալն է, ռիսկերը կառավարելը և երկարաժամկետ ֆինանսական նպատակների հիման վրա որոշումներ կայացնելը։


թարմացված է` 01.07.2026 | 13:08