
Պարտատոմսը պարտքային արժեթուղթ է, որը թողարկվում է ընկերությունների, ազգային կառավարությունների և մասնավոր կազմակերպությունների կողմից։ Պարտատոմսերի թողարկման միջոցով նշված մասնակիցները պարտք են վերցնում և ֆինանսական միջոցներ ներգրավում իրենց գործունեությունը ընդլայնելու կամ զարգացնելու համար։ Իր պարտքի դիմաց, թողարկողը պարտատոմսի գնորդին (ներդրողին) պարբերաբար վճարում է արժեկտրոն (կուպոն), որը հաշվարկվում է ըստ արժեթղթի անվանական արժեքի:
Այսինքն՝ պարտատոմսերի շուկան օգնում է թողարկողներին ներգրավել միջոցներ, իսկ ներդրողներին՝ ներդրման միջոցով եկամուտ ստանալ։
Որո՞նք են պարտատոմսի առանձնահատկությունները
Պարտատոմսերը հատկապես հարմար են նրանց համար, ովքեր նախընտրում են ստանալ կայուն ու պարբերական եկամուտ՝ համեմատած բարձր ռիսկային ներդրումների։
Պարտատոմսերի շուկային բնորոշ են․
- Ցածր ռիսկայնությունը,
- Պարբերական և կանխատեսելի եկամտաբերությունը,
- Կարճ, միջին և երկարժամկետ լինելը։
Պարտատոմսը կարող է փոխանցվել այլ անձանց, այսինքն՝ վաճառելով տվյալ պարտատոմսը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը կարելի է փոխանցել մեկ ուրիշին, ինչով և պարտատոմսը տարբերվում է բանկային ավանդից։ Մյուս կարևոր տարբերությունն այն է, որ պարտատոմսերում ներդրում կատարելով, հնարավոր է 2 տարբերակով ստանալ պոտենցիալ եկամուտ։
1. Կուպոնների տեսքով եկամուտ
Որոշ պարտատոմսերի դիմաց թողարկողները նախապես ընտրված պարբերականությամբ վճարում են կուպոններ։
Օրինակ՝ 100,000 դրամ ծավալով 5 տարվա մարման ժամկետ ունեցող և 9% ֆիքսված տոկոսադրույքով պարտատոմսերի գնման դեպքում, ներդրողին կվճարվի 9000 դրամ կուպոն յուրաքանչյուր տարի։
2. Մարման ժամանակ պարտատոմսի արժեքի աճով պայմանավորված եկամուտ
Երբ պարտատոմսը մարվում է, ներդրողը ստանում է պարտատոմսի անվանական արժեքը և վերջին կուպոնը։ Անվանական արժեքից ցածր արժեքով գնելու պարագայում ներդրողը մարման պահին ստանում է շահույթ՝ անվանական արժեքի և շուկայական գնի տարբերության հաշվին։ Այս շահույթը լրացնում է նաև ստացված կուպոնային եկամուտը։
Պարտատոմսերի շուկայական գինը տատանվում է կախված վերաֆինանսավորման տոկոսադրույքից։ Տոկոսադրույքի նվազման արդյունքում պարտատոմսի շուկայական գինը բարձրանում է, իսկ տոկոսադրույքի աճի դեպքում՝ պարտատոմսի գինը նվազում է։
Նշանակում է առաջին դեպքում ներդրողը վաճառելով պարտատոմսը ստանում է շահույթ, իսկ մյուս դեպքում կարող է կրել վնաս։
Պարտատոմսերի տեսակները
Պարտատոմսերն ըստ մարման ժամկետի լինում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։
Պարտատոմսերն ըստ թողարկողների լինում են պետական և կորպորատիվ։ Պետական պարտատոմսեր թողարկում են պետությունը, տարածքային կառավարման մարմինները, իսկ կորպորատիվ պարտատոմսերը՝ ընկերությունները և կազմակերպությունները։
Ըստ եկամտի ստացման եղանակի պարտատոմսերը լինում են կուպոնային և զրո արժեկտրոնով պարտատոմսեր։ Կուպոնային պարտատոմսերում ներդրում կատարելով՝ կուպոնը վճարվում է պարբերաբար, իսկ վերջինիս դեպքում պարտատոմսի ամբողջ կուպոնը վճարվում է մարման ժամանակ։
Պարտատոմսերը տարբերվում են նաև ըստ տոկոսադրույքի և կուպոնի հաշվարկման ձևի։
- Ֆիքսված տոկոսադրույքով պարտատոմսեր
Ամենատարածված պարտատոմսերն են, որոնց կուպոնային վճարումները նախապես հայտնի են և չեն փոխվում պարտատոմսի շրջանառության ընթացքում։
- Լողացող տոկոսադրույքով պարտատոմսեր
Այս պարտատոմսի տոկոսադրույքը փոփոխվում է կախված վերաֆինանսավորման կամ ուղենշային տոկոսադրույքներից։
- Գնաճով ինդեքսավորված պարտատոմսեր
Այս պարտատոմսի տոկոսադրույքը կցված է գնաճին, հետևաբար կուպոնի արժեքը փոփոխվում է գնաճին համապատասխան։
Այն եկամուտը պաշտպանում է գնաճային ռիսկերից։
Լինում են նաև փոխարկելի պարտատոմսեր, որոնք կարելի է փոխարկել թողարկողի այլ արժեթղթերով։ Փոխարկման դրույթները սահմանվում են թողարկման պայմաններում։